«Առողջությունը երկարակեցության գրավականն է», կարծում են ՄԱԿ-ում

«Առողջությունը երկարակեցության գրավականն է», կարծում են ՄԱԿ-ում

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ Առողջության համաշխարհային օրվան ընդառաջ իրականացված հարցման համաձայն, Եվրոպայի բնակչությունն այսօր ավելի քան երբևէ երկար է ապրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում է ավելի քան 72 տարի, իսկ կանանցը` մոտ 80 տարի:

Տարածաշրջանի մի շարք երկրներում ծնելիությունն ու բնակչության ընդհանուր թիվը նվազում են: Միևնույն ժամանակ, կանխատեսումների համաձայն 65 անց բնակչության թիվը 2010 – 2050թթ. ընթացքում գրեթե կրկնապատկվելու է: Եվրոպան առանձնանում է ոչ միայն կյանքի ամենաբարձր միջին տևողությամբ, այլև որոշ ռիսկի գործոնների, այդ թվում ալկոհոլի ու ծխախոտի օգտագործման ամենաբարձր տարածվածությամբ, ինչը հանգեցնում է վաղաժամ մահվան ու խրոնիկական հիվանդությունների զարգացման:

Այս իսկ պատճառով ողջ եվրոպական տարածաշրջանում բնակչության ծերացումը գերակա խնդիր է քաղաքականություն մշակող կառույցների համար: Ժողովրդագրական փոփոխությունների և շարունակվող ֆինանսական ճգնաժամի պայմաններում առողջ ու ակտիվ ծերությունը առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի կայունության անկյունաքարն է դարձել:

Այս տարի լրանում է ՄԱԿ-ի բնակչության ծերացման վերաբերյալ գործողությունների մադրիդյան միջազգային ծրագրի տասնամյակը: Բացի դրանից, Եվրամիությունն այս տարին հռչակել է ակտիվ ծերության և սերունդների համերաշխության եվրոպական տարի:

Ապրիլի 2-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ներկայացրել է առողջ ծերությանը միտված ռազմավարությունը, որն այնուհետև քննարկվելու է փորձագետների ու քաղաքականություններ մշակող մասնագետների կողմից:

Այս միջոցառումը սկիզբն է մի շարք քարոզարշավների, խորհրդաժողովների ու հանրային միջոցառումների, որոնք նվիրված են լինելու յուրաքանչյուր տարի ապրիլի 7-ին նշվող Առողջության համաշխարհային օրվան: 2012թ. այդ օրվա կարգախոսը հետևյալն է. «Առողջությունը երկարակեցության գրավականն է»: Կառավարությունները ԱՀԿ-ի և այլ գործընկերների հետ միասին աջակցելու են հանրային քննարկումներին և հանրության իրազեկվածության բարձրացմանը, թե ինչպես է կարելի տարեց հասակում առողջ և ինքնուրույն կյանքով ապրել, և թե կառավարությունն ինչպես կարող է նպաստել դրան:

Այս նպատակի իրականացմանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը առողջ ծերության 2012–2016թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում մշակելու է մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնք ուղղված են առողջ ծերությանը, աջակցող միջավայրի ձևավորմանը և ծերացող բնակչության կարիքներին առողջապահական համակարգերի համապատասխանեցմանը: Նշված միջոցառումները ներառում են. • վայր ընկնելու ռիսկերի նվազեցումը, • ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, • ոչ վարձու խնամողներին պետական աջակցության ցուցաբերումը` շեշտադրելով տնային և ինքնուրույն խնամքը, • գերիատրիայի և գերոնտոլոգիայի ոլորտում առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի աշխատակիցների գիտելիքների բարելավումը, • տարեց մարդկանց գրիպի դեմ պատվաստումները և բժշկական հաստատություներում վարակիչ հիվանդությունների կանխարգելումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---