Ոստիկանությունը ՀԱԿ-ի պատգամավորության թեկնածուներին ծեծի ենթարկելու գործով հետաքննություն է անցկացնում

Ոստիկանությունը ՀԱԿ-ի պատգամավորության թեկնածուներին ծեծի ենթարկելու գործով հետաքննություն է անցկացնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ժամը 19.30-ին ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանը Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անծանոթ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին հայտնել են, որ նույն օրը ժամը 19.45-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բաբկեն Գարոյանը: Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ Կոնգրեսից հայտնել էին, որ 7-րդ ընտրատարածքում հարձակում է եղել ՀԱԿ-ի թեկնածուների վրա: Ըստ հաղորդագրության, հարձակման արդյունքում մարմնական վնասվածք է ստացել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:

Հարձակման համար պատասխանատվությունը ՀԱԿ-ը բարդում է 7-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի վրա: ՀԱԿ-ը իր հայտարարությունում ոստիկանությունից պահանջել է բացահայտել միջադեպը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: ՀԱԿ-ն ընդգծել է, որ չի նահանջելու և շարունակելու է իր նախընտրական քարոզչությունը՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտներից:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---