Գարեգին Բ. Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը հրավեր է մեզ` արժևորելու գիրքը![]() 16 ապրիլի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Կոնդակում մասնավորապես ասվում է. «Գոհության աղօթք ենք բարձրացնում առ Աստված, որ Հայրենիքում և Սփյուռքում մեր ժողովուրդը խաղաղության մեջ բերկրաշատ հոգով տոնախմբում է 500-ամյա հոբելյանը հայ գրատպության` վերարժևորելով մեր գրավոր մշակույթի հարուստ ու անգին ժառանգությունը և նրա լուսավոր առաքելությունը մեր կյանքում: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր հոգու խոնարհումով և աղօթքով հիշենք հայ տպագրության երախտավորներին, բույլը տպագրիչների, տառաստեղծների, տառաձույլ վարպետների, գիտնականների, հրատարակիչների, կրթության գործիչների, մեկենասների, նաև` Հայոց Հայրապետների ու եկեղեցականների: Նրանք եղան ջահակիրներ առաջադիմության, ազգային ոգու զորության, մեր ինքնության պահպանման, նրանց ջանքերով, նուիրումով ու վաստակով հայ գրքի տպագրավայրերը եղան նաև կենտրոններ մեր մշակույթի զարգացման, հայրենասիրության ու ազատագրական պայքարի ոգեշնչման: Խորհրդանշական է և ուրախալի, որ հոբելյանական այս տարում քաղաքամայր Երևանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այն արժևորումն է այն մեծ ձեռքբերումների, որ ունի մեր ժողովուրդը գրի ու դպրության անդաստանում, սակայն միաժամանակ պարտավորություն ու պատասխանատուություն է` խնամելու և զորացնելու գրքի ու ընթերցանության հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, որպէսզի այն շարունակի գիտելիք ու ճանաչողություն բերել, սերմանել հավատք առ Աստված, կրթել ազնվության, արդարության, հայրենասիրության, մարդասիրության անանց արժեքներ, որպեսզի զուր չլինեն գիրքը կորստից ու ոչնչացումից ազատելու մեր նախնյաց անձնուրաց ջանքերն ու զոհողությունները, որոնց մասին են վկայում մեզ հասած բազում ձեռագրերի ու տպագիր գրքերի պատմությունները, ինչպես գաղթական երկու կանանց ձեռքով փրկված Մշո Ճառընտիրը, որ հանգրվան է գտել Երևանի Մատենադարանում: Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը հրավեր է մեզ արժևորելու գիրքը, վերականգնելու սերն ու պատկառանքը գրքի հանդեպ, որպեսզի մեր ու մեր զավակների կյանքում` որդիներից որդի, ապրի ու հրաշագործի գիտությամբ և ամենայն իմաստությամբ զօրացած ու պայծառացած հոգին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |