Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է երեք կուսակցությունների նախընտրական շտաբեր

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է երեք կուսակցությունների նախընտրական շտաբեր

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, պաշտպանի առաջին տեղակալը, արագ արձագանքման ծառայության ղեկավարը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ ապրիլի 16-ին հանդիպել են Հայաստանի դեմոկրատական, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունների շտաբերի ղեկավարների հետ։ PanARMENIAN.Net ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ Անդրեասյանը մանրամասնել է ընտրական գործընթացներում իր խորհրդատվական և դիտորդական հիմնական երկու գործառույթները և ներկայացրել 116 թեժ գծի, արագ արձագանքման ծառայության, հանրապետության 6 մարզերում նորաբաց գրասենյակների հնարավորությունները ընտրական գործընթացների շրջանակներում:

Ի թիվս շատ հարցերի` ՀՅԴ ներկայացուցիչները նշել են մեկ բնակարանի հասցեում 100 անձի գրանցման դեպքը և վերջինիս վերաբերյալ ոստիկանության անբավարար արձագանքը։ Դեմոկրատական կուսակցության անդամները ընդգծել են խնդիրներ՝ կապված ընտրակաշառքի բաժանման և կուսակցության պաստառների ոչնչացման հետ։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են որպես ընտրակաշառք սննդի և կենցաղային իրերի բաժանման դեպքերի, ինչպես նաև մարզերում ընտրողների շրջանում վախի մթնոլորտի առկայության մասին: Պաշտպանը հորդորել է բոլոր ներկաներին և իրենց կուսակիցներին խախտումների մասին այս և այլ տեղեկատվության մանրամասները դիմումների կամ ահազանգերի տեսքով հասցեավորել նաև իրեն։

Կարեն Անդրեասյանն ապրիլի 17-ին կայցելի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբեր:

 Ուշագրավ
---