Հաստատվել է «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար» ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման: Հրամանով կհաստատվի «Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և դրանցում խնամվող երեխաների սոցիալական պաշտպանությունն ապահովող գործողությունների ծրագիրը»:

Դրա անհրաժեշտությունը բխում է ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև ստորագրված «Հայաստան - պարենային ապահովության ծրագիր 2010» ծրագրից:

ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է. «Երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կառավարության քայլերը համալիր լուծումներ են պահանջում: Մենք կհամատեղենք երկու նախարարությունների ջանքերը` ամեն խնդրի հետևում տեսնելու կոնկրետ երեխային` իր առանձնահատկություններով և իրավունքներով»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրել է, որ համատեղ հրամանով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կկատարի ուսումնասիրություններ` պարզելու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների կրթական և սոցիալական կարիքները:

Հայաստանի Հանրապետությունում շուրջ 2800 երեխա գտնվում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---