Վարդան Օսկանյանն ամերիկյան ազդեցության գործակալ է, գտնում է Հայկ Բաբուխանյանը

Վարդան Օսկանյանն ամերիկյան ազդեցության գործակալ է, գտնում է Հայկ Բաբուխանյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար և կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը ամերիկայն ազդեցության գործակալ է, գտնում է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը և ըստ Բաբուխանյանի այժմ ձևավորված «լևոնաքոչարյանական» ուժերի միությունը: «Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը ռուսամետ չէր, այլ կոչվում էր փոխլրացման քաղաքականություն: Այդ քաղաքականության ետևում կանգնած էր ամերիկյան շահերի լրտես Վարդան Օսկանյանը, որը ժամանակին շատ վտանգավոր արտաքին քաղաքականություն էր վարում Ղարաբաղի հարցում»,-ասել է Բաբուխանյանը:

Բաբուխանյանը նաև խստորեն դատապարտել է Օսկանյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանին լիբիական, թունիսյան կամ եգիպտական սցենար է հարկավոր»: Այդ հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչ նպատակներով ու գաղափարներով է առաջնորդվում պարոն Օսկանյանը և ընդհանրապես «լեևոնաքոչարյանական» ուժերը, հայտարարել է նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդը դեմ է «լիբիական սցենարի» իրագործմանն իր երկրում:

Ըստ Բաբուխանյանի, ակնհայտ է, որ խոսքը գնում է Հայաստանը ՌԴ հետ գործընկերային հարաբերություններից, նոր ձևավորվող Եվրասիական միությունից, դուրս բերելու ու Հայաստանում ԱՄՆ ազդեցության հաստատման մասին: «Ինչո՞ւ է դա հարկավոր: Հարկավոր է, որովհետև պետք է վերահսկել կասպյան նավթի տարանցման ուղղությունները: Հիմա դա է պետք ամերիկացիներին: Պետք է, որ ռուսական ռազմակայանը դուրս բերվի Հայաստանից, ելք ապահովվի դեպի Իրանի հյուսիսային սահման և վերահսկողություն հաստատվի այնտեղ: Սա այն ծրագիրն է, որի մասին ուղղակիորեն խոսում է Օսկանյանը: Լևոնն այդ մասին խոսում էր 1988թ. ի վեր»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է Օսկանյանի քննադատությանը կառավարության հասցեին, ապա Բաբուխանյանը հեգնանքով նշել է, որ այժմ կարծես երկու ԲՀԿ գոյություն ունի՝ Գագիկ Ծառուկյանի ու նախարարների ԲՀԿ-ն ու Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ն:

 Ուշագրավ
---