Վահան Հովհաննիսյան. Մայիսի 6-ին քվեարկում ենք Դաշնակցության օգտին, իսկ 7-ին զարթնում ենք նոր Հայաստանում

Վահան Հովհաննիսյան. Մայիսի 6-ին քվեարկում ենք Դաշնակցության օգտին, իսկ 7-ին զարթնում ենք նոր Հայաստանում

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության ընտրացուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքին եկածներին կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել ՀՅԴ օգտին, եթե նրանք ցանկանում են ապրել նոր Հայաստանում: «Մայիսի 6-ին քվեարկում ենք 4-րդ համարի` Դաշնակցության և նրանց օգտին, ովքեր օժանդակում են դաշնակցությանը և ամսի 7-ին զարթնում ենք նոր Հայաստանում: Հաղթանակը մոտ է, և նրան միայն համարձակություն է պակասում»,- հայտնել է նա:

Իր ելույթում Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Դաշնակցության նախընտրական քարոզարշավին մարզերում` նշելով դրա հաջող ընթացքը: «Մեր ժողովրդի աչքերում հույս է սկսել արթնանալ»,- նկատել է նա:

Հովհաննիսյանը խոստացել է, որ կուսակցության նախընտրական ծրագրի մեջ կմտնեն նաև այն հարցերն ու խնդիրները, որոնք բնակչությունը հնչեցրել է մարզերում հանդիպումների ժամանակ

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

 Ուշագրավ
---