Լոնդոնում բացվել է Լեոնարդո դա Վինչիի անատոմիական նկարների խոշորագույն ցուցահանդեսը

Լոնդոնում բացվել է Լեոնարդո դա Վինչիի անատոմիական նկարների խոշորագույն ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Լոնդոնում Բուկինգհեմյան պալատի պատկերասրահներից մեկում բացվում է Լեոնարդ դա Վինչիի «Լեոնարդո դա Վինչի. անատոմ» անվանումով անատոմիական նկարների և ձեռագրերի ցուցահանդեսը, որը խոշորագույնն է համաշխարհային պատմության մեջ: Ցուցադրության ժամանակ կներկայացվեն մեծ իտալացու 87 էսքիզներից և բազմաթիվ գրություններից կազմված լայն հավաքածուն:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, չնայած նրան, որ դա Վինչին հարյուրամյակներ շարունակ հայտնի է եղել որպես Վերածննդի արվեստի և գիտության խոշորագույն գործիչներից մեկը, նրա անատոմիական հետազոտությունների նշանակությունն անհայտ է մնացել մինչև 20-րդ դարը:

Ըստ գոյություն ունեցող գնահատականների, ներկա պահին հանճարի ձեռագիր թղթերի անհամար քանակությունից, որոնք ժառանգել է նրա ընկեր և աշակերտ Ֆրանչեսկո Մելցին, պահպանվել է շուրջ 7 հազար էջ: 16-րդ դարի վերջին քանդակագործ Պոմպեո Լեոնին ձեռք է բերել դա Վինչիի թղթերի մի մասը Մելցիի որդուց և դրանցից ալբոմներ պատրաստել, որոնցից յուրաքանչյուրը կազմված է եղել 600 էջից:

Արվեստի ստեղծագործությունների թագավորական հավաքածուի տնօրեն Ջոնաթան Մարսդենի խոսքով, ցուցադրությունը նվիրված է մարդկային մարմնի հնարավորություններին և դա միավորում է նրան Օլիմպիական խաղերի ոգու հետ: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---