ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՈՉ-ՌԵԶԻԴԵՆՏ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում հավատարմագրված ոչ-ռեզիդենտ դեսպանները եւ բարձրաստիճան դիվանագետները ավելի քան 40 երկրներից, որոնք հավաքվել են Երեւանում, այսօր հանդիպել են ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրի ջանքերը տարածաշրջանում լարվածությունը մեղմելու եւ կայունություն ու համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի անվտանգության, էներգետիկ ռեսուրսների եւ զարգացումների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին: Այնուհետեւ օտարերկրյա դիվանագետները հանդիպել են ՀՀ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ, որը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկա իրավիճակը եւ երկրում գոյություն ունեցող օտարերկրյա ներդրումները խթանող օրենսդրական դաշտը: Նշենք, որ երեւանյան հանդիպման նպատակն է` օտարերկրյա դիվանագետներին ծանոթացնել երկրի ներկա վիճակին, տնտեսական հնարավորություններին եւ զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանի պատմամշակութային արժեքներին:
 Ուշագրավ
---