Գերմանիայում կայանալիք Կոմիտասի անվան երաժշտական փառատոնի բյուջեն կկազմի 20.000 եվրո

Գերմանիայում կայանալիք Կոմիտասի անվան երաժշտական փառատոնի բյուջեն կկազմի 20.000 եվրո

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-9 Գերմանիայի Պրետցել ամրոցում տեղի է ունենալու Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնը: Վերջինիս նպատակն է հայ դասական երաժշտությունը ներկայացնել Հայաստանից դուրս ապրող մարդկանց: Մրցույթ-փառատոնի ընթացքում կատարվելու են Կոմիտասի ստեղծագործությունները, ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը, ներկայացվելու են գերմանական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 20.000 եվրո:

Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային փառատոնի նպատակներն ու խնդիրներն են`ծանոթացնել գերմանական հասարակությանը մեծն Կոմիտասի կյանքին ու ստեղծագործություններին, ինչպես նաև հայ դասական երաժշտության կայացման պատմությանը: Բացի այդ, այն նպատակ է հետապնդում ներկայացնել հայկական դասական երաժշտությունը Գերմանիայում և բարձրացնել դրա ճանաչելիությունը, տարեկան բեմական հարթակ տրամադրել հայկական դասական երաժշտության երկրպագուներին ու գնահատողներին և այլն:

Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսվում են սեմինարներ և դասախոսություններ, մանկական աշխատանքների ցուցահանդեսներ, հատուկ հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, վարպետության դասեր, նկարիչների, քանդակագործների և լուսանկարիչների ցուցահանդեսներ:

Մրցույթ-փառատոնի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան):

Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Märkisch-Oberland շրջանի ղեկավարությունը և Պրետցել քաղաքի վարչակազմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---