Վլադիմիր Կարապետյանը շարունակելու է պայքարել ավելի լավ Հայաստանի համար![]() 14 մայիսի 2012 - 18:15 AMT PanARMENIAN.Net - 2-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ դիմում է Նոր Նորքի և Ջրվեժի բնակիչներին: Հայտարարությունում Կարապետյանը նշում է, որ քարոզարշավն իրեն հնարավորություն ընձեռեց ծանոթանալու բնակիչներից շատերի հետ, ինչպես նաև իրենց ներկայացնելու իր պատկերացումները երկրի արմատական բարեփոխումների և համայնքի զարգացման վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «Մայիսի 6-ին վարչախումբը կատարեց իր հերթական ապօրինությունը` ազատ ընտրությունները վերածելով մի գորշ միջոցառման, որի հիմքում մարդու ազատ կամարտահայտության ոտնահարումն է: Բիրտ ուժով, ընտրակաշառքի պարտադրմամբ ընտրողներին նախ ուղեկցեցին տեղամասեր, ապա ստիպեցին քվեարկել այն ուժի օգտին, որի գործունեության արդյունքում Հայաստանը բոլոր ոլորտներում համատարած նահանջ է ունեցել: Ընտրողներին նաև պարտադրեցին ընտրել անձանց, որոնց մարդկային և քաղաքական գործչի որակները, ինչպես, օրինակ, մեր ընտրատարածքում էր, չեն համապատասխանում ժամանակակից երկրի պահանջներին: Քարոզարշավի ողջ ընթացքում ես հորդորել եմ ընտրողներին ուսումնասիրել թեկնածուների կենսագրությունը, անցած ճանապարհը, չտրվել անհիմն խոստումներին, չընտրել գողի և մանր խարդախի հոգեբանությամբ առաջնորդվող անձին: Ցավում եմ, որ, այնուամենայնիվ, պատգամավոր է գրանցվելու իշխող կոալիցիայի հովանավորությունը ստացած մի անձնավորություն, որի գործելակերպը չի տարբերվում նրա շատ ու շատ մականունավոր թիմակիցներից: Այլապես նա չէր հրաժարվի իր քաղաքական անցյալից, իսկ ընտրությունների ժամանակ էլ` չէր մտնի Ձեր՝ ընտրողների գրպանը` անվճար օգտվելով պարտադիր վարձավճար պահանջող ծառայություններից, հարկերից խուսափելու նպատակով չէր հայտարարագրի 2.000 օրինակ թանկարժեք քարոզչանյութեր` այն դեպքում, երբ Նոր Նորքի ավելի քան 20.000 բնակարան են մտել դրանք: Հիմա նման որակներով անձնավորությունը` ԱԺ-ում բարձրագոչ ելույթներով շարունակելու է մոլորեցնել ժողովրդին և նախաձեռնել նորանոր մեքենայություններ: Մարդ, ով հրաժարվում է իր անցած քաղաքական ճանապարհից, վաղը կդավաճանի նաև այսօրվա քաղաքական տանիքը: Բայց մի վհատվեք և փորձեք աշխատացնել նույնիսկ մարդու նման տեսակին: Կեղծված ընտրությունները չեն նվազեցնելու իմ՝ որպես Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցչի վճռականությունը` պայքարելու ավելի լավ Հայաստանի համար: Ես շարունակելու եմ լինել հասանելի բոլորի, հատկապես սիրելի Նոր Նորքի և Ջրվեժի բնակիչների համար»: Մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում թիվ 2-րդ ընտրատարածքում մեծամանական ընտրակարգով հաղթել էր ՀՀԿ անդամ, Սամվել Ֆարմանյանը` հավաքելով 19 989 ձայն: Նույն ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Վլադիմիր Կարապետյանը ստացել էր 13 198 ձայն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |