Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին արդյունավետ համագործակցության համար

Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին արդյունավետ համագործակցության համար

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար` նկատելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև փոխգործակցությունն ընդլայնվում է:

Արմեն Գևորգյանը արդյունավետ է համարել նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը: Փոխվարչապետը կարևորել է դեսպանի անձնական ներդրումն այդ աշխատանքներում և հաջողություններ մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ:

Դեսպանն իր հերթին գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման ընթացքից` նշելով, որ վերջին տարիներին նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվել, իսկ նոր նախագծերը փոխգործակցության լայն հեռանկարներ են բացում:

Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` նա նկատել է, որ դրանք արդեն ներառում են բոլոր բնագավառները, և առկա են այդ կապերը խորացնելու մեծ հնարավորություններ: Դիվանագետն ավելացրել է նաև, որ հեռանում է ջերմ հիշողություններով և կշարունակի պահպանել կապը Հայաստանի հետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---