Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն է բերել նորընտիր խորհրդարանին

Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն է բերել նորընտիր խորհրդարանին

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկա գտնվեց հինգերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին, որի ընթացքում Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունը բերեց նորընտիր խորհրդարանին:

«Խորհրդարանի օրենսդրական գործունեությունը հիմք և ուղենիշ է, պայման ու երաշխիք երկրի զարգացման համար:

Մեր երկիրը նախորդ երկու տասնամյակներում օրենսդրական փոփոխությունների նշանակալի ճանապարհ է անցել` հաստատելով ազատ ու ինքնիշխան պետականության և ժողովրդավարական հասարակության հիմքերը: Այդ ձեռքբերումները զորացնում են մեր ժողովրդի արդար հույսերը` կառուցելու բարեշեն ու բարգավաճող Հայրենիք:

Անհրաժեշտ ու կարևոր է շարունակական ընթացքը բարեփոխումների, որն առաջիկա տարիներին պիտի իրագործվի Ձեր ջանադիր գործունեությամբ, Ձեր նվիրյալ ծառայությամբ: Ձեր ուսերին է ծանրացած պատասխանատվությունը` կանոնակարգելու և ուղղորդելու Հայաստանի պետական և հասարակական կյանքի ընթացքները, օրենքի կարգավորումով ապահովելու մեր երկրի կայունությունն ու ներդաշնակ զարգացումը, մեր կյանքի դժվարությունների ու խնդիրների հաղթահարման ուղիները: Ձեզ վստահված այս կարևոր առաքելության մեջ Ձեզ առաջնորդող ունեցեք հավատքը, բարոյական արժեքներն ու սկզբունքները»,- ասաց Վեհափառը:

Հայրապետական խոսքի ավարտին միասնական Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---