Կիրո Մանոյան. Քլինթոնի այցը տարածաշրջան կապված է Իրանի հետ, սակայն ՀՀ-ից ԱՄՆ-ն այդ առումով մեծ ակնկալիքներ չունի

Կիրո Մանոյան. Քլինթոնի այցը տարածաշրջան կապված է Իրանի հետ, սակայն ՀՀ-ից ԱՄՆ-ն այդ առումով մեծ ակնկալիքներ չունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան կապված է Իրանի խնդրի հետ և կոչված է որոշ բաներ հիշեցնելու ու հստակեցնելու Իրանի հարևաններին, ռուսաստանյան ընտրություններից հետո: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Այցը կարևոր է, քանի որ մատնանշում է այն տագնապալի իրավիճակը, որում հայտնվել է մեր տարածաշրջանը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կպահանջի ԱՄՆ Հայաստանից Իրանի հարցում, ապա Մանոյանը նշել է. «Իրանի հարցում ԱՄՆ-ն չի կարող շատ բան պահանջել Հայաստանից, քանի որ մինչև հիմա Հայաստանի դիրքորոշումը եթե չի էլ բավարարել ԱՄՆ-ին, ապա առնվազն հասկանալի է եղել»: Նա հավելել է, որ Հայաստանն Իրանի հետ չունի այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են մտահոգել ԱՄՆ-ին: «Թեև Քլինթոնի այցը կապված է հիմնականում Իրանի հետ, չեմ կարծում թե ՀՀ-ից ԱՄՆ-ն այդ առումով մեծ ակնկալիքներ ունի»,-ասել է Մանոյանը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7 կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, որտեղ կքննարկի «տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր»:

 Ուշագրավ
---