Սերժ Սարգսյան. Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողնի մեր դեմ ուղղված որևէ գործողություն

Սերժ Սարգսյան. Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողնի մեր դեմ ուղղված որևէ գործողություն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի պաշտոնական կայքեջը փոխանցում է Սերժ Սարգսյանի պատասխան խոսքը սահմանային միջադեպերի վերաբերյալ. Այնտեղ մասնավորապես ասվում է. «Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է:

Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը:

Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են:

Կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կամ այդ երկրի Զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, և այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալ առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ:

Մենք չունենք զինված ուժ կիրառելու որևէ դրդապատճառ, քանի որ համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ուղին բանակցայինն է, և կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունից: Իսկ լուծման ճանապարհով առաջ շարժվելու համար, ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության: Ադրբեջանական կողմը շարունակում է ուղիղ հակառակն անել` այլատյացության խրախուսումը դիտելով որպես երկրի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց:

Հատկապես ցավալի է, որ սադրիչ գործողությունները տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի և Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ պետքարտուղարը:

Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որևէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն և զգոնություն` միևնույն ժամանակ կանխել և պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը և Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածների արյունը», - ասել է նախագահը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---