ANCA-ն Օբամային և Կոնգրեսին կոնկրետ խորհուրդներ է տվել, թե ինչպես արձագանքել Բաքվի ագրեսիային

ANCA-ն Օբամային և Կոնգրեսին կոնկրետ խորհուրդներ է տվել, թե ինչպես արձագանքել Բաքվի ագրեսիային

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ՀՀ և ԼՂՀ դեմ ուղղված ադրբեջանական դիվերսիաների կապակցությամբ նամակ է հղել ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին՝ 7 կոնկրետ առաջարկներով, որոնք վերաբերում են ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու ու աջակցությանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ԱՄՆ Կոնգրեսին ուղղված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունը ֆիքսեն Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները, երբ նա բացահայտ կերպով սպառնում է վերսկսել պատերազմը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ: Իլհամ Ալիևը չափազանց լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, որպեսզի նրա սպառնալիքներն անուշադրության մատնվեն»:

Հանձնախումբն առաջարկում է նաև Օբամայի վարչակազմին դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին ու արգելել սպառազինություն վաճառելն այդ երկրին:

Մի քանի օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծելով հայկական սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև դիվերսիոն միջոցառումներ անցկացնելով Հայաստանի ու ԼՂՀ հետ սահմանում: Համաձայն որոշ տվյալների` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Կազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել էին թափանցել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկը: Հայկական կողմին, սակայն, հաջողվել էր ժամանակին կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան զինված ուժերի առաջնային ստորաբաժանումները պաշտպանական գործողություններ են ձեռնարկել և հակառակորդին ետ մղել ելքային դիրքեր: Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունն իր զինծառայողների զոհվելու կամ վիրավորվելու անսպառ պատճառներ է հնարում, որպեսզի թաքցնի իր կորուստների իրական պատճառները: Այդպես օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Տերտերի ուղղության վրա ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհդիևը «վիրավորվել է ականի պայթյունից»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Պատահում է նաև այնպես, որ զինվորին Ադրբեջանում սպանում է բետոնե պատը: Այդպես Ադրբեջանի Ագստաֆինի շրջանում երկու զինվոր զոհվել է, իսկ մեկը «վնասվածք» է ստացել «իրենց վրա բետոնե սալիկ ընկնելու» պատճառով: Միջադեպի արդյունքում զինվորները գլխի լուրջ վնասվածքներ են ստացել: Էմին Գուլիևն ու Օրհան Հուսեյնովը մահացել են, իսկ «վնասվածք» ստացած Էլնուր Քեչալովը հիվանդանոցում է գտնվում:

Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր` Ջաբրահիլով Ռամիլ Դիլավյար օղլուն խեղդվել է Կուր գետում: Այժմ Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները որոնում են նրա դին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---