Արգել համայնքի ղեկավարն Արմեն Գևորգյանին առաջարկել է արվեստի դպրոց կառուցել

Արգել համայնքի ղեկավարն Արմեն Գևորգյանին  առաջարկել է  արվեստի դպրոց կառուցել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ, եղել մի շարք համայնքների կրթական հաստատություններում, որոնք վերանորոգվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Մարզպետ Կ. Շահագալդյանի ուղեկցությամբ Ա. Գևորգյանն այցելել է Բջնի, Արգել, Նոր Գեղի, Զորավան, Արագյուղ համայնքների դպրոցներ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Արգելի, Նոր Գեղիի և Զորավանի դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարվում ծրագրի երկրորդ փուլով, նորոգումը շարունակելու համար գումարներ են հատկացվել նաև երրորդ փուլով: Ծրագրի երկու փուլերով ընդհանուր առմամբ Արգելի, Նոր Գեղիի և Զորավանի դպրոցներին հատկացվել է համապատասխանաբար 75, 70 և 65 մլն դրամ: Բջնիի և Արագյուղի դպրոցների վերակառուցումը կիրականացվի ծրագրի երրորդ փուլով, այդ նպատակով հատկացված է համապատասխանաբար 30 և 35 մլն դրամ:

Արգել համայնքում Ա. Գևորգյանն այցելել է նաև վերանորոգված և կահավորված մշակույթի տուն, ծանոթացել շենքային պայմաններին: Համայնքի ղեկավարը հյուրերին առաջարկություն է ներկայացրել գյուղում նաև արվեստի դպրոց կառուցելու մասին` ծանոթացնելով շենքային լուծումների վերաբերյալ մոտեցումներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը լրացուցիչ քննարկել:

ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Կոտայքի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն կրթական հաստատությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի վերակառուցմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---