Վլադիմիր Գասպարյանը գոհ չէ ոստիկանների կարգապահության մակարդակից

Վլադիմիր Գասպարյանը գոհ չէ ոստիկանների կարգապահության մակարդակից

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Խորհրդակցությանը մասնակցել ենն ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես և այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին և բարեփոխումների ընթացքին` նշել, որ, այնուամենայնիվ, դեռևս կան ծառայողներ, որոնք լիովին չեն ընկալել ընթացող փոփոխությունների ողջ խորությունն ու անշրջելիությունը և հստակ չեն պատկերացնում նպատակը, որին ուղղված են ոստիկանության ղեկավարության գործողությունները:

Վլադիմիր Գասպարյանը կրկին շեշտել է յուրաքանչյուր ոստիկանի ներքին բարեփոխման, ոստիկանության գործունեության հիմքում բարոյականության, պատվի, արժանապատվության արժեքները դնելու անհրաժեշտությունը` գլխավոր ցուցիչ ունենալով ազնիվ, անկաշառ ու պրոֆեսիոնալ աշխատանքը: Խոսելով ոստիկանության աշխատանքում տեղ գտած թերությունների մասին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ դեռևս գոհացուցիչ չէ կատարողական կարգապահության մակարդակը: Մասնավորապես, չնայած համապատասխան ցուցումներին ու հանձնարարականներին, դեռ արձանագրվում են հատկապես գյուղմթերքներ տեղափոխող ավտոմեքենաներն անհիմն ու անհարկի կանգնեցնելու դեպքեր, միշտ չէ, որ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում ապօրինի ծառահատումներին:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մեկ անգամ ևս հրահանգել է առավելագույնս պահանջկոտ լինել անծածկոց թափքերով բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, գերհզոր ազդանշանային սարքերով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաների վարորդների և ընդհանրապես ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների նկատմամբ, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Անդրադառնալով ծառայողական և կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքի արդյունավետության բարելավման, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ մի շարք բաժինների թերացած պետեր արդեն իսկ տույժեր են ստացել, ոմանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, և այդ ուղղությամբ խստապահանջ ու հետևողական աշխատանքը շարունակվելու է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---