Վիեննայում բացվել է հայ նկարիչների ցուցահանդեսը

Վիեննայում բացվել է հայ նկարիչների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Վիեննայի կենտրոնում տեղակայված Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գեղանկարչական ցուցասրահում տեղի ունեցավ նախարարության Artists in Residence ծրագրի շրջանակներում Վիեննայում հյուրընկալված չորս գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մրցութային ծրագրին Հայաստանից ընտրված երիտասարդ արվեստագետ Մերի Մունը (Ամիրխանյան) ներկայացրեց իր «ուրբանիստական» նկարչական նախագիծը` Վիեննայի քաղաքային տեսապատկերներով, որը նկարչուհու` Երևանի, Թբիլիսիի, ուկրաինական և գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր և արվեստագետներին ուղղված խրախուսական ելույթով հանդես եկավ Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը:

Նույն օրը Վիեննայի 18-րդ թաղամասում գտնվող «Կուլտուրկրայս Վին» ցուցասրահում բացվեց հայաստանցի արվեստագետ Արթուր Կարապետյանի գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսը: Նախաձեռնության հովանավորն էր Վիեննայի առաջին թաղամասի շրջանային խորհրդի մշակույթի հարցերով խորհրդական Գյունտեր Վոլֆգանգ Վախտլը: Ցուցահանդեսի բացմանը ներկա Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը ողջունեց այս մասնավոր նախաձեռնությունը, որն իր ուրույն ներդրումն է բերում երկու երկրների միջև մշակութային կապերի ընդլայնման և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---