Ազնավուրի հրապարակը կձևավորվի եռաչափ նկարազարդմամբ

PanARMENIAN.Net - «Երազանքների պատ» ծրագրի առաջին նվերը երևանցիներին կմատուցվի հունիսի 26-ին Ազնավուրի հրապարակում եռաչափ նկարազարդման տեսքով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին երազանքների պատերին տեղ գտած բազմաթիվ խնդրանքները` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակն ամբողջությամբ կձևավորվի եռաչափ պատկերներով: Այդ նպատակով «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության միջոցով Երևանն է հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը:

Իսկ, թե ինչ նկար է պատկերվելու սալահատակին՝ կազմակերպիչները չեն շտապում բացահայտել: Աշխատանքը կատարվելու է ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով, ուստի հիանալ նկարով և նկարի ֆոնին լուսանկարվել Ազնավուրի հրապարակում՝ երևանցիները կկարողանան մի քանի ամիս շարունակ:

20 օր շարունակ Երևանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը և հյուրերին հնարավորություն են ընձեռել «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո ներկայացնել մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---