ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Մորնինգսթարին հաստատել է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Մորնինգսթարին հաստատել է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - «Բաքվում ԱՄՆ դեսպանն առանցքային դեր ունի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կամ սպառնալիքների կանխելու կամ հակադրվելու գործում», նախօրեին հայտարարել է Կալիֆոռնիայից սենատոր Բարբարա Բոքսերը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դիվանագետ Մորնինգսթարի հետ հանդիպմանը:

Ամերիկայի Հայկական համագումարը հիշեցնում է, որ ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Մորնինգսթարը նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրվել է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ի պատասխան Մորնինգսթարը նշել էր, որ իր թեկնածության հաստատվելու դեպքում ամեն ինչ կանի օրակարգ բերելու ամերիկյան դիրքորոշումն այն մասին, որ անպատասխանատու ռազմական հայտարարությունները վտանգում են հակամարտության կարգավորմանը հասնելու ջանքերը, նշել է նա: «Ես Ադրբեջանի կառավարությունից կպահանջեմ սահմանափակել սեփական հռետորաբանությունը և հանրությանը պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի», պատասխան խոսքում նշել է Ռիչարդ Մորնինգսթարը:

Բարբարա Բոքսերը նաև հարցրել է Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստի և այստեղ ամերիկացի դիվանագետների մուտքը թույլ չտալու ադրբեջանական քաղաքականության մասին: «Եթե հաստատվի իմ թեկնածությունը, ապա կանեմ հնարավորը Ջուղա այցելելու համար: Զարգացնելով մեր մտահոգությունների թեման` ես ադրբեջանական կառավարության առջև կշեշտեմ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու վերաբերյալ մեր մտահոգությունները», նշել է դիվանագետը:

Այնուհետև ամերիկյան սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ռիչարդ Մորնինգսթարին հաստատել է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ամերիկահայ համայնքային միությունները ողջունել են սենատոր Բոքսերի հարցադրումները, ասվում է ԱՀՀ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---