Է. Նալբանդյան. Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է տարածաշրջանային անվտանգության համար

Է. Նալբանդյան. Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է տարածաշրջանային անվտանգության համար

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկեց ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են 192 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Այս ձևաչափով տասնամյակը մեկ գումարվող գագաթաժողովը համարվում է Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նշանակության կարևորագույն միջոցառում:

Գագաթաժողովին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր ելույթում անդրադարձավ կայուն զարգացման և բնապահպանության բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված քայլերին, խոսեց տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող գործոններից, մասնավորապես, միջազգային իրավունքի խախտմամբ կիրառվող շրջափակումից, բնական պաշարների վաճառքից ստացված եկամուտները սպառազինությունների մրցավազք հրահրելուն ուղղված գործողություններից:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն ներառված էր 1992թ. գագաթաժողովում և դրան հաջորդող 20 տարիների ընթացքում ջանքեր է գործադրել հնարավորինս իրականացնելու առաջին գագաթաժողովի հռչակագրից բխող պարտավորությունները:

1994թ.-ից սկսած Կայուն զարգացման տեսությունը և կիրառությունը ներառված են մեր համալսարանների կրթական ծրագրերում:

2002թ.-ին Հայաստանի կառավարությունը հիմնեց Կայուն զարգացման ազգային խորհուրդ, իսկ այնուհետև՝ Կայուն զարգացման ծրագրի Գործողությունների համակարգման խորհուրդ:

2011-ին ստեղծվեց Ազգային համակարգող կոմիտե՝ այս գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը նախապատրաստելու համար, որը հանգամանալից աշխատանք անցկացրեց, մշակեց և ակտիվ հանրային քննարկումներից հետո այս կարևոր հանդիպման նախօրեին հրապարակեց «Ռիո+20» Հայաստանի Ազգային գնահատման զեկույցը:

Այսօր Հայաստանը մասնակցում է շրջակա միջավայրի վերաբերյալ 22 հռչակագրերի և արձանագրությունների և այս առումով ակտիվորեն համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

Այս գագաթաժողովի շրջանակներում հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյում, Հայաստանը, մի շարք միջազգային կազմակերպությունների և առաջատար համալսարանների հետ համատեղ կազմակերպել է քննարկումներ նվիրված կայուն զարգացման ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությանը, որը բավական արդյունավետ ընթացք է ունեցել:

«Հազարամյակի հռչակագրի կարևոր մաս նվիրված է անվտանգության և կայունության փոխկապակցվածությանը: Այդ առումով կառավարությունները պարտավորվել են ջանք չխնայել ժողովուրդներին պատերազմի աղետից ազատելու համար:

Այս համատեքստում սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայուն զարգացումը: Դժբախտաբար մեր տարածաշրջանը զերծ չէ այդ վտանգից:

Այսօր, մենք ականատես ենք հարևան Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճին: Այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

«Ռիո+20» գագաթաժողովի փոխնախագահ, ի թիվս այլ երկրների, ընտրվել էր և Հայաստանը, և այդ կապակցությամբ գագաթաժողովի նստաշրջանը հաջորդաբար վարում էր նաև ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---