Տրայան Հրիստեա. ԵՄ-ն բարձր է գնահատում և խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները

Տրայան Հրիստեա. ԵՄ-ն բարձր է գնահատում և խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Աշխուժացել են բարձր մակարդակի երկկողմ շփումները, ինչպես Եվրամիության կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ: Հովիկ Աբրահամյանը կարևորեց Եվրամիություն-Աժ համագործակցությունը` նշելով, որ խորհրդարանը մեծապես շահագրգված է փոխգործակցության խորացմամբ, որը կնպաստի նաև երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին: Պարոն Աբրահամյանը հավաստեց Հայաստանը եվրոպական ընտանիքում, ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ եվրոպական կառույցները բարձր են գնահատում Հայաստանի և Ազգային ժողովի հետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հաջողության գործում, և այս համատեքստում բարձր գնահատեց խորհրդարանը բազմակարծության ամբիոն դարձնելու Հովիկ Աբրահամյանի ջանքերը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի առաջիկա այցին տարածաշրջան` դեսպանը նշեց, որ Հայաստանը Արևելյան Գործընկերության երկրներից առաջինն է, որ այցելելու է Հերման Վան Ռոմպոյը: Նրա խոսքով` Եվրոպական խորհրդի նախագահի այցը նշանակում է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում և խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները և ողջունում է այդ ուղղությամբ մեր երկրի առաջընթացը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ կարևորության այլ հարցեր:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---