Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան. Իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը

Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան. Իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին: ՏԿՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:

Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում են, եւ օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան, որոնց հաջող իրագործումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների համար:

Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանի որոշ մարզեր եւ Իրանի նահանգներ հաջողությամբ գործակցում են, սակայն այդ հարաբերությունները զարգանալու եւ ընդլայնվելու մեծ ներուժ ունեն:

Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը: Համաձայնելով, որ միջմարզային փոխգործակցությունը լավ հեռանկար եւ մեծ ներուժ ունի` նա տեղեկացրել է, որ ներկայումս ուսումնասիրում է, թե Իրանի նահանգներից որն ինչ ընդհանրություն ունի Հայաստանի մարզերի հետ` համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ԻԻՀ ներքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---