Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն աջակցում է ԵԱՀԿ բարեփոխումների գործընթացին

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն աջակցում է ԵԱՀԿ բարեփոխումների գործընթացին

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշեց. « Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն առանցքային դեր է խաղում Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում ու Հայաստանն անդամակցությունից ի վեր ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում»:

Հայաստանի արտգործնախարարը նաև Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ բարեփոխումների գործընթացին և այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է կազմակերպության արդյունավետության և հեղինակության բարձրացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԵԱՀԿ գործունեության բարձր գնահատականի համար Լամբերտո Զանիերը վստահեցրեց, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության մթնոլորտի ապահովման գործում:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեության կապակցությամբ՝ նշելով, որ այն զգալի ներդրում ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձան Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ ընթացք են ունեցել և արժանացել են միջազգային դիտորդների համապատասխան դրական գնահատականի, և հույս հայտնեց, որ դիտորդների առաջարկությունները հաշվի կառնվեն ու լրացուցիչ խթան կհանդիսանան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առավել բարձր մակարդակով անցկացման համար:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձևաչափի շրջանակներում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը աջակցություն հայտնեց Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին և կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղված նրանց նախաձեռնություններին:

 Ուշագրավ
---