Չինաստանի դեսպանը բարձր է գնահատում Արցախի հարցում Հայաստանի վարած քաղաքականությունը

Չինաստանի դեսպանը բարձր է գնահատում  Արցախի հարցում Հայաստանի վարած քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից, հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:

Չինաստանի դեսպանի գնահատմամբ` հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացումն ու արդյունավետ աշխատանքը լավ օրինակ կարող են դառնալ հետագայում էլ ավելի զարգացնելու համատեղ ձեռնարկատիրությունը, իսկ երկու երկրների մայրաքաղաքների միջև ստեղծված ամուր կապերը միջտարածքային զարգացման հիանալի հեռանկարներ կարող են բացել: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը` դեսպանը բարձր է գնահատել խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդիրը կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը, ինչը, նրա գնահատմամբ, միակ արդյունավետ եւ իր երկրի ու միջազգային հանրության համար ընդունելի տարբերակն է:

Շարմազանովը նույնպես կարևորել է երկու երկրների տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությամբ և բարձր է գնահատել Չինաստանի իշխանությունների հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---