Է. Նալբանդյան. Եվրոպային մերձենալու ուղղությամբ Հայաստանի քայլերը գնալով ավելի ինտենսիվ են դառնում

Է. Նալբանդյան. Եվրոպային մերձենալու ուղղությամբ Հայաստանի քայլերը գնալով ավելի ինտենսիվ են դառնում

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկած Եվրոպայի Խորհուրդ-Հայաստան 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկային կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը : Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը հանդիսանում է մեր պետության արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը: Դա մեր հասարակության բնական ընտրությունն է` հիմնված մեր ժողովրդի ինքնության ու արժեքների վրա: Եվրոպային մերձենալու ուղղությամբ մեր քայլերը գնալով ավելի ինտենսիվ բնույթ են ստանում և, պետք է գոհունակությամբ նշեմ, շոշափելի արդյունքներ են տալիս :«Կարծում եմ կհամաձայնեք, որ վերջին 20 տարվա ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել, որի արդյունքում ունենք այնպիսի երկիր, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը դարձել են մեր հասարակական կյանքի և իշխանությունների քաղաքականության անբաժանելի մասը:

Մենք դեռևս շատ անելիքներ ունենք և այս առումով բարձր ենք գնահատում և կարևորում ենք Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցությունը, Եվրոպական Միության և դրա անդամ երկրների հետ համագործակցությունը: Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցությունը մեր երկրի բարեփոխումների գործընթացը հնարավորինս սահուն անցնելու գործում:

Միանալով Եվրոպայի Խորհրդին` Հայաստանը Եվրոպայում ամենաընդգրկուն և համապարփակ ժողովրդավարական բազմազան ընտանիքի մաս է կազմել` ընտանիքի, որը միավորում է բազմաթիվ երկրներ, ժողովուրդներ և մշակույթներ: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, հատկապես նման բազմազանությամբ աչքի ընկնող, նրա ամրությունը պայմանավորված է ինչպես միմյանց խնդիրներին ականջալուր լինելու կարողությամբ, այնպես էլ պարտավորությունների ընդհանրությամբ` հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

Եվրոպայի Խորհուրդ-Հայաստան 2012-2014թթ. նոր Գործողությունների ծրագիրը և դրա լիարժեք իրականացումը կարևոր է Հայաստանի համար: Այն արտացոլում է մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստանի կառավարության առաջիկա տարիների գերակայությունները և Հայաստանի միջազգային պարտավորությունները: Այն կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու Եվրոպայի Խորհրդի անդամ-պետության իր պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական և քրեակատարողական համակարգերում և կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան: Ծրագրի մի մասը համատեղ իրագործվելու է Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ինչը հավելյալ արժեք կհաղորդի Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին` արագացնելով ու նոր որակ հաղորդելով դրանց»,-ասել է նախարարը:

«Կցանկանայի հատուկ անդրադառնալ Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերություններին: Անցյալ շաբաթ մենք Հայաստանում հյուրընկալեցինք Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Այս առիթով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը, կողմերն արձանագրել են Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա նկատելի առաջընթացը մի շարք ուղղություններով և վերահաստատել դրանց դրական դինամիկան պահպանելու և համագործակցությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը: Հայաստանի Հանրապետության նախագահը վերահաստատել է, որ մենք վճռական ենք իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի հետագա ժողովրդավարեցմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ոլորտներում, մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեկնարկել են Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները:

Մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանն առնչվող հարցերը Եվրամիություն-Հայաստան օրակարգում կարևոր տեղ ունեն: Եվրոպական Միությունն այս ոլորտներում հաճախ է դիմում Եվրոպայի խորհրդի փորձաքննությանը և պատահական չէ, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում այսօր հաջողությամբ իրականացվում է «Facility» ծրագիրը, որը վերաբերում է ընտրական չափանիշներին, դատաիրավական բարեփոխումներին, կիբերհանցագործությանը և կոռուպցիայի դեմ պայքարին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

«Ժողովրդավարությունը կենդանի օրգանիզմ է` ազգային, տարածաշրջանային և համընդհանուր յուրահատկություններով, որը շարունակաբար զարգանում է: Փոխվում են մեր հասարակությունները, փոխվում է ժողովրդավարության ընկալումը, փոխվում են նաև մարտահրավերները: Մեր համատեղ ջանքերից է կախված, թե որչափ արդյունավետ է Եվրոպայի խորհուրդը ծառայելու որպես կարևոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի համար:

2013թ. մայիսին Հայաստանն առաջին անգամ ստաձնելու է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը: Սա և պատիվ է, և մեծ պատասխանատվություն մեզ համար և մենք առավելագույն ջանքեր կներդնենք այդ կարևոր դերակատությունը հաջողությամբ կատարելու համար:

Ավարտելով խոսքս, կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին շահագրգիռ համագործակցության ու աջակցության համար:

Հաջողություն եմ մաղթում Եվրոպայի Խորհուրդ-Հայաստան 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկային Կոնֆերանսին և հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերով կկարողանանք այն լիարժեք կերպով իրականացնել»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը մեկնարկային կոնֆերանսում:

 Ուշագրավ
---