ՀՀ ԱԳՆ. Վերջին տարիներին հայ-գերմանական երկխոսությունը զարգանում է դինամիկ կերպով

ՀՀ ԱԳՆ. Վերջին տարիներին հայ-գերմանական երկխոսությունը զարգանում է դինամիկ կերպով

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մորելը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված փոխգործակցությունը և վստահեցրեց, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցները անդրադարձան Հայաստան-ԵՄ համագործակցությանը` Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Հանդիպմանը, որպես երկկողմ փոխգործակցության կարևոր բաղադրիչ, գոհունակությամբ նշվեց Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրներ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---