Կարեն Ավագյան. Թող ոչ ոք չփորձի ապացուցել, թե իր սիրտն ավելի է ցավում փուչիկների բռնկումից տուժածների համար, քան մերը

Կարեն Ավագյան. Թող ոչ ոք չփորձի ապացուցել, թե իր սիրտն ավելի է ցավում փուչիկների բռնկումից տուժածների համար, քան մերը

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է փուչիկների թեմայի մասին մամուլի վերջին հրապարակումներին: Ավագյանը գրել է հետևյալը. «Մամուլը հերթական անգամ շահարկել է փուչիկների թեման։ Հարկ եմ համարում ասել, որ տեղի ունեցածի բարոյական պատասխանատվությունը կրում ենք հավասարապես բոլորս։ Ոչ ոք չէր ցանկանա՝ նման միջադեպ տեղի ունենար։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Եվ թող ոչ ոք չփորձի ապացուցել, թե իր սիրտն ավելի է ցավում փուչիկների բռնկումից տուժած երեխաների համար, քան մերը։

Թող ոչ ոք չփորձի համոզել, թե ինքն ավելի է շահագրգռված մեղավորներին պատժելու հարցում, քան մենք։ Թող ոչ ոք չփորձի ցավալի այդ դեպքն օգտագործել դիվիդենտներ շահելու ու ջուր պղտորելու համար։

Տեղեկացնեմ, որ գրեթե բոլոր տուժածները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են։ Ընդ որում, տեղի ունեցածն ավելի է համախմբել նրանց ու ավելի կուռ է դարձրել մեր շարքերը։ Մենք հպարտ ենք մեր երիտասարդների համար, որոնց պահվածքն այդ դժվարին պահերին արժանի էր միմիայն հարգանքի։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ տուժած երիտասարդների կողքին էին բուժման և ապաքինման ողջ ընթացքում։ Եվ փառք Աստծո, որ այսօր արդեն բոլորն ապաքինվել են և ի տարբերություն չարախոսների՝ նույնիսկ հումորով են հիշում իրենց այդ փորձությունը։

Ցավալիորեն արձանագրեմ, որ վերջին շրջանում դժբախտ դեպքերը շահարկելն ու դրանց անհասկանալի ենթատեքստ վերագրելն ավանդույթ է դարձել։ Իրականում այդ շահարկողներին ընդհանրապես չի էլ հետաքրքրում երիտասարդների առողջությունը։

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի համար մեղքի իմ բաժնին, ապա շտապեմ հանգստացնել. եթե ես մեղավոր լինեի, չէի սպասի, որ ինձ մամուլով հիշեցնեին այդ մասին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---