Գանձա գյուղում մեծարել են Վահան Տերյանին

Գանձա գյուղում մեծարել են Վահան Տերյանին

PanARMENIAN.Net - Ավանդույթի ամրակուռ ուժով հուլիսի 21-ին Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեծարվեց բանաստեղծ Վահան Տերյանի արվեստը, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը:

Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ՝ 45-րդ տերյանական օրվան մասնակցել է թբիլիսահայ մտավորականների խումբ:

Միջոցառմանը ներկա են գտնվել գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, հասարակական գործիչներ Սամվել Աղեկյանը, Ռաֆիկ Աղաջանյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վիրահայոց թեմի առաջնորդարանի, «Հայարտուն» կենտրոնի ներկայացուցիչներ:

Գանձայի եկեղեցում տոնական սուրբ պատարագից հետո հյուրերն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան, որից հետո կայացավ դաշտահանդես:

Տերյանական օրվա տոնահանդեսին ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջավախքի փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Շեմոքմեդելին, Վրաստանի խորհրդարանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական գործիչներ և այլոք:

Բացելով դաշտահանդեսը՝ Գանձայի Վահան Տերյանի անվան դպրոցի տնօրեն Սարգիս Դուրգարյանը հպարտությամբ նշեց, որ 1967 թվականից սկսած գյուղում տերյանական օրը խորհրդանշորեն ժողովրդի խոնարհումն է այս հող ու ջրի զավակ Վահան Տերյանի և նրա ստեղծած անմահ պոեզիայի առջև:

Արարողությանը ելույթ են ունեցել «Կարին», «Արցախի բալիկներ» և «Գանձայի գանձեր» համույթները, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---