Շահան Քանդահարյան. Տարածաշրջանային հարցերի նկատմամբ Անկարայի բազմակի խաղերը հանգել են բազմակի խնդիրների![]() 9 օգոստոսի 2012 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամի ներկա հանգրվանին Իրանի բացահայտ ներգրավումը մի պահ երևութապես երկրորդ փլան հղեց ռուսական դերակատարության գործոնը, երբ մանավանդ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի նախագահ և գերագույն հոգևոր պետի ներկայացուցիչ Սայիդ Ժալիլին Դամասկոսում հայտարարեց, որ Իրանը պիտի չարտոնի դիմադրության առանցքի քանդումը, որի մի մասն է Սիրիան: Այդ մասին իր հոդվածում գրել է Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: «Թեհրանի անունով հայտարարություն կատարելու լիազորություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատարի վճռակամությունն այստեղ ակներև է: Հայտարարությունն ունի իր հիմնավորումը: Խնդիրները, որոնք տեղի են ունենում Սիրիայում, միայն սիրիական տարողություն չունեն, դիմադրության առանցքը քանդելու են միտված և առ այդ ուղղված են Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքի դեմ: Հայտարարության առիթը թեև իրանցի 48 առևանգյալների խնդիրն է, այսուհանդերձ հստակ է ուղերձը, որ հակամարտությունները աշխարհաքաղաքական տարողունակություն ունեն: Եւ այս դեպքում Իրան ի՛րենն է սեպում Սիրիայի ներկա դերակատարության պահպանման խնդիրը: Այս ամբողջը իբրև ռազմաքաղաքական գործընթաց հստակ էր արդեն: Կարևորը այս դեպքում պաշտոնական Թեհրանի հստակացումն է, բարձրաձայնումը և դիրքերից չզիջելու պատրաստակամության և զորակցության շեշտակի հայտարարությունը: Ի տարբերություն` պաշտոնական Մոսկվայի, որ արտաքին զինվորական միջամտություններ ապահովելու միջազգային որոշումներ կանխարգելող իր վետոյի իրավունքով համեմատաբար ավելի զուսպ և առերևույթ ավելի դիվանագիտական բնույթի հայտարարություններ էր կատարում: Թեև այստեղ պետք չէ մոռանալ, որ ուղղակի Թեհրանի դեմ ոտնձգություն կատարված է առևանգյալների հարցով: Իրանցի առևանգյալների հարցը անշուշտ կապվում է լիբանանցի առևանգյալների թղթածրարին: Մինչ Թեհրանի պաշտոնական ամբաստանությունը իր քաղաքացիների առևանգման առնչությամբ կուղղվեր Վաշինգտոնին և Սիրիայի հակաիշխանական ուժերին, Սիրիայում առևանգված լիբանանցիների թղթածրարին հետևող պատասխանատու շեյխ Ապպաս Զղեյպն իր ամբաստանության սլաքները ուղղակի ուղղեց դեպի Քաթար և հատկապես Թուրքիա: Կարևոր մի հավելումով . առևանգյալ լիբանանցիների հարցի չլուծման դեպքում, իրենց կողմից համապատասխան «հյուրընկալության» պիտի արժանանան լիբանանաբնակ թուրքեր: Անկարային ուղղված միակ սպառնալիքը չէր այն, ինչ որ կհնչեր Բեյրութից: Թեհրանի զինվորական պատասխանատուների սպառնալիքները նման չէին երկու երկրների արտգործ նախարարների միջնորդական առաքելություններ ապահովելու միտող երկխոսության բովանդակությանը: Իրանի զինված ուժերի սպայակույտի պետ զորավար Հասան Ֆիրուզ Ապատին հայտարարած էր, որ Սիրիայից հետո հերթը Թուրքիային է: Զորավարը Թուրքիան պատասխանատու կնկատեր Սիրիայի իրադարձություններին (իմա՛ նաև իրանցիների առևանգմանը): Վարչապետ Էրտողանի պատասխանը չէր ուշանար. «Թուրքիան աջակցած է Իրանին այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրների կողմից ճնշումի ենթարկված էր այն»: Թուրքական այս հիշեցումը իրանյան սպառնալիքին դիմաց մեղմ է համարվում: Սիրիա-Իրաք-Թուրքիա քրդական հավանական միավորումի մղձավանջը առաջնային խնդրի նշանակություն ունի Անկարայի համար, որ նոր ճակատ դիմագրավելու իրականությունից փախուստ տալու խուսանավում է կատարում պարզապես: Խուսանավումը չի փրկի Թուրքիայի կացությունը սակայն: Թուրքական զորքերի սիրիական տարածք հերթական մուտք գործելը այս անգամ չի վրիպել իրանյան շրջանակների ուշադրությունից: Առաջին անգամը չէր, որ թուրքական զորքեր երևում են 1921-ին թուրք-ֆրանսիական համաձայնությամբ սիրիական հողերի վրա թուրքական տարածք համարված Ճարապլուսում: Այս անգամ իրանյան լրատվամիջոցներ փութացին հաղորդելու, որ Թուրքիան ներխուժել է սիրիական տարածք: Ամբաստանվող կողմերը հետզհետե հստակ են, որոնց նկատմամբ նաև հակակշիռ քայլեր առնելու հայտարարություններ են կատարվում: Անկարայի կիրառած բազմակի խաղերն ու խուսանավումները հետզհետե նեղ անկյուններում են հայտնվում: Սիրիայի, քրդերի և Իրանի հետ դիմագրավված թղթածրարները հարևանների հետ զրո խնդիրներ ունենալու վարքագծի ձախողությունն են ընդգծում։ Այլ ուղղության վրա արձանագրված մի զարգացում այս բոլորի հետ ուղղակի-անուղղակի է կապվում։ Բաքուն նոր է, որ հայտարարում, թե իր դեսպանության աշխատանքները դադարեցնում է Դամասկոսում։ Նման մի որոշում անպայման համադրված է ավագ եղբոր հետ, որ հավանաբար օրին, երբ փակում էր իր դեսպանությունը Սիրիայում, թելադրել էր կրտսեր եղբորը սպասել և չաճապարել: Ադրբեջանական դեսպանությունը հիմա փակելը մտածել է տալիս, որ որոշումը կապ ունի իրանյան ուղղակի միջամտության հետ, եթե մտաբերենք նաև Բաքու-Թեհրան հարաբերությունների առնվազն ոչ սերտ -եթե ոչ լարված- բնույթը: Տարածաշրջանային հարցերի նկատմամբ Անկարայի բազմակի խաղերը հանգել են բազմակի խնդիրների: Դեպքերի ընթացքին դոմինոյական տեսությունը չի բացառում իր խաղին ներառել անվտանգության գոտիներ որոնող Թուրքիան»,- իր հոդվածում նշել է Քանդահարյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |