«Հայկական ժամանակ». Հարկային մարմինները տեռորի են ենթարկում տնտեսվարողներին![]() 29 օգոստոսի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է.«Տնտեսվարողներն ահազանգում են, որ գրեթե մի շաբաթ է, ինչ հարկային մարմիններն իսկական տեռոր են սկսել իրենց դեմ։ Նախկինում` ամեն ամսվա 20-ից հետո, երբ տնտեսվարողներն իրենց հարկային հաշվետվությունները ներկայացնում էին հարկային մարմնին, վերջինս եւս մի 10 օր տալիս էր առաջացած հարկային պարտավորությունները մինչեւ վերջ կատարելու համար: Այս ամիս, սակայն, տնտեսվարողներին ժամանակ չի տրվել, եւ անմիջապես հարկայինը արգելանք է դրել բոլորի հաշիվների եւ գույքի վրա, ովքեր ամսվա առաջին 20 օրվա ընթացքում հարկային բոլոր վճարումները չեն հասցրել անել, նաեւ տուգանել է հարկային վճարումները ուշացնելու համար: Այս երեւույթը համատարած բնույթ է կրում: Բացի դրանից, հարկայինի աշխատակիցները «բարի խորհուրդ» են տալիս տնտեսվարողներին` 15-25 տոկոսով մեծացնել իրենց կողմից վճարվող հարկերի ծավալները, հակառակ դեպքում` սպառնում են ստուգումներ սկսել: Սա, ինչ խոսք, պայմանավորված է բյուջեի հավաքագրման շուրջ ծագած խնդիրներով: Գումարները չեն բավարարում, եւ ինչպես արդեն նշել ենք` նույնիսկ կառավարության որոշումներով արդեն ծախսեր են կատարվում հաջորդ տարվա բյուջեի հաշվին` «նիսյայով»: Բացի այդ, երկրորդ կիսամյակում բյուջեով նախատեսված է զգալիորեն ավելի շատ հարկեր հավաքել, իսկ տնտեսության վիճակն այնպիսին է, որ կանխատեսված մակարդակով հարկահավաքության հեռանկարները, մեղմ ասած, այնքան էլ խոստումնալից չեն: Հարկային տեռորով, իհարկե, կարելի է ինչ-որ կարճ ժամանակահատվածում ցուցանիշներ ապահովել, բայց դրա հետեւանքով տնտեսությունը պարզապես հյութաքամ կլինի: Կարելի է, իհարկե, բյուջեով նախատեսված հարկերի ողջ ծավալը առանց մեծ դժվարության կատարել` տնտեսության ստվերային հատվածը կրճատելու հաշվին: Բայց դրա արդյունքում կշոշափվեն մեր օլիգարխների շահերը, քանի որ տնտեսության ստվերային հատվածը վերահսկում են հենց նրանք: Միաժամանակ, հենց նրանք են իշխանության հիմնական հենարանը եւ իրականում հենց նրանք են իրենց փողերով ու բանդաներով ձեւավորում իշխանություն: Ուստի հուսալ, որ հարկերի հավաքագրման հիմնական բեռը կդրվի տնտեսության ստվերային հատվածի վրա, մանավանդ` նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երեւի թե միամտություն է: Այնպես որ, շարքային տնտեսվարողները պետք է պատրաստ լինեն, որ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած պետեկամուտների կոմիտեն այս տեռորը շարունակելու է: Տեսականորեն սա կարող է որոշակի դժգոհություններ առաջացնել եւ բացասաբար ազդել իշխանության «ռեյտինգի» վրա առաջիկա նախագահական ընտրություններից առաջ, բայց` միայն տեսականորեն: Գործնականում, ինչպես ցույց տվեցին մայիսի 6-ի ընտրությունները, Հայաստանում իշխանության ձեւավորման առումով «ռեյտինգը» ոչինչ է, օլիգարխները` ամեն ինչ»,- գրում է թերթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |