Մուրադ Փափազյան. Թուրքիայի սպառնալիքները Ֆրանսիայի հասցեին անընդունելի են

Մուրադ Փափազյան. Թուրքիայի սպառնալիքները Ֆրանսիայի հասցեին անընդունելի են

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշի արձագանքը ֆրանսիական դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին նոր ծրագրին, հաստատում է, որ թուրքական կառավարությունը մտադիր չէ հրաժարվել ժխտողական քաղաքականությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: Ըստ նրա, Թուրքիայի այժմյան իշխանությունները երբեք չեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Փափազյանը հիշեցրել է Թուրքիայի սպառնալիքների մասին, որը մտադիր է հակազդել Ֆրանսիային միջազգային մակարդակով, եթե Ֆրանսուա Օլանդը ստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Հայոց ցեղասպանության 100-ամյակից 3 տարի առաջ Թուրքիայի նման վարքագիծն անթույլատրելի է, իսկ սպառնալիքները Ֆրանսիայի հասցեին՝ անընդունելի: Հարգելով ճշմարտությունն ու որոշակի արժեքները, մենք քայլեր ենք մշակում, որոնք կխոչընդոտեն Հայոց ցեղասպանության ժխտման զազրելի միջոցներին: Մենք արշավ ենք սկսում, որն ուղղված է Թուրքիայի իրական դեմքի բացահայտմանը, որը ճաղերի ետևում է պահում հարյուրավոր լրագորղների, իրավաբանների, արհմիությունների գործիչների և ուսանողների: Թուրքական կառավարությունը անվնաս դուրս չի գա իր վարած քաղաքականությունից: Անկարան ստիպված կլինի նոր ուղիներ որոնել, սակայն ճշմարտությունը միևնույն է կհաղթանակի»,-ասել է Փափազյանը:

Պաշտոնական Անկարան «խիստ բողոք» էր հայտնել Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գլուխ ընդգրկելու առնչությամ: Ինչպես հայտնել է Hurriyet-ը, Էգեմեն Բաղիշը կոչ է արել Փարիզին «կրկին փորձության չենթարկել երկկողմ հարաբերությունները», «վերանայել սեփական պատմությունը, ոչ թե զբաղվել հորինված փաստերի ռեվիզիայով»:

Ըստ տեղեկատվության, Հայոց ցեղասպանության մասին գլուխը կընդգրկվի Ֆրանսիայի պատմության և աշխարհագրության դասագրքերում: Հայոց ցեղասպանության մասին բաժին կա նաև ֆրանսիական բուհերի համաշխարհային պատմության ծրագրում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական:

Ըստ վերջերս տարածված հաղորդագրությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը շուտով կրկին կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, քանի որ, ինչպես հայտարարեց նախագահ Օլանդը, «իրենք չեն հրաժարվել օրենքից, որով նախատեսվում է քրեականացնել 1915թ. իրադարձությունների ժխտումը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---