«Սարդարապատ» շարժումը կոչ է անում համախմբվել և լծվել մրցունակ պետություն ստեղծելու գործին

«Սարդարապատ» շարժումը կոչ է անում  համախմբվել և լծվել մրցունակ պետություն ստեղծելու գործին

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Ռամիլ Սաֆարովի ազատության մեջ հայտնվելը. «Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին ազգային հողի վրա կացնահարելով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելը և ներմամբ ազատ արձակելը խորապես ցնցեց ամբողջ հայությանը», -ասված է «Սարդարապատ» շաժման այսօրվա հայտարարությայն մեջ:

«Ոճրագործի ազատության մեջ հայտնվելու փաստը եվրոպական պետությունների հանրույթը ներկայացնող Հունգարիայի կողմից միջազգային իրավունքի ոգին, իմաստն ու նպատակները իրավունքի տառի ձևական պահպանմամբ խախտելու բնորոշ դրսևորում է: Նման քստմնելի գործարքի անդրկուլիսյան խրախուսանքը, այն քաղաքական նպատակներով օգտագործելու փորձը և ցեղասպանական կենսագրությամբ կայացած ու մարդասպանին հերոսացնող Ադրբեջանի հակաքաղաքակրթական ցինիզմի նկատմամբ երկդիմի վերաբերմունքը մեկ անգամ ևս վկայում են այն մասին, թե «առաջադեմ մարդկությունը» ինչպիսի դիրքորոշում հանդես կբերի, եթե Ադրբեջանը կացինը իջեցնի ամբողջ Հայաստանի վրա: Իր ազգային պետությունը կառուցող հայ ժողովուրդը պարտավոր է ապագայում արտաքին քաղաքականություն մշակելիս և վարելիս հաշվի առնել այս ուսանելի օրինակը: Սակայն հայոց ազգային արժանապատվությանն ու արտաքին քաղաքական շահերին հասցված այս ծանր հարվածը հնարավոր դարձավ ոչ միայն Հունգարիայի և նրան աջակցող Եվրոպական ուժերի շահամոլական հաշվենկատության կամ ադրբեջանական կողմի նպատակասլաց ջանքերի շնորհիվ: Նույն Հունգարիան Եվրոպայի առաջին երկրին էր, որ իր տարածքում բնակվող հայերին պաշտոնապես ճանաչեց որպես ազգային փոքրամասնություն, իսկ հայոց լեզվին տվեց համապատասխան կարգավիճակ: Արտաքին քաղաքականության ոլորտում առկա ճգնաժամը բնութագրող այս ծանր պարտությունը շատ բանով պայմանավորված է վարչախմբի կողմից իր վերարտադրությունը ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական գերակայության վերածելու գործելակերպի հետևանքով առաջացած ներքին ճգնաժամով: Այդ ճգնաժամը բնութագրվում է վարչախմբի նկատմամբ ժողովրդի վստահության իսպառ բացակայությամբ, նրա ապազգային, քրեաօլիգարխիկ բնույթով, կառավարման համակարգի ռեակտիվությամբ և անարդյունավետությամբ, արդարության և մարդու արժանապատվության ու իրավունքների ոտնահարման: Նման պայմաններում պետության դեմքը փրկելուն միտված դեմարշը խիստ անարդյունավետ ու իրավճակային է, իսկ արտաքին լեգիտիմության հույսին մնացած վարչախմբի կիրառմամբ կարող է անգամ հանգեցնել Հայաստանի առանց այն էլ սակավ արտաքին քաղաքական ռեսուրսների և ինքնիշխանության հետագա նվազեցման:

Խիստ բնութագրական է, որ հայ սպային դաժանաբար սպանած օտար ոճրագործն արդարացվում և հերոսացվում է մեկ ուրիշ հայ սպային` Վահե Ավետյանին, նույնպիսի դաժանությամբ իր հայրենիքում սպանողներին պետական բոլոր լծակների գործադրմամբ հովանավորելու, նրանց կատարած զարհուրելի հանցագործությունը կոծկելու, մարդասպանների պարագլուխ օլիգարխին և սպանության մասնակիցների մի մասին քրեական պատասխանատվության չկանչելու երևույթին զուգահեռ:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, դատապարտելով ոճրագործի ազատության մեջ հայտնվելը հնարավոր դարձրած բոլոր կողմերի գործողությունները, համայն հայությանը կոչ է անում հանուն իր իրավունքների, շահերի ու արժանապատվության ապահովման և համազգային նպատակների ու իղձերի իրականացման ցուցաբերել ինքնիշխան քաղաքական կամք, համախմբվել և լծվել մրցունակ ազգային պետություն ստեղծելու գործին», -ասված է հայտարարության մեջ:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---