Վարդան Օսկանյան. Մեր պետական գերատեսչությունները պետք է զգուշացնեին մեզ, որ Սաֆարովին կարող են հանձնել Բաքվին

Վարդան Օսկանյան. Մեր պետական գերատեսչությունները պետք է զգուշացնեին մեզ, որ Սաֆարովին կարող  են հանձնել Բաքվին

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին արտգործնախարա Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային և դրա շուրջ առաջացած բողոքի ալիքին: Վարդան Օսկանյանը խոսել էնաև հայկական կողմի թերացումներ մասին. «Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական և իրավական առումներով նողկալի է: Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաև Հունգարիայի պատմության և ազատագրական պայքարում հայերի ներդրման մասին:

Իրավական առումով Հունգարիան խախտել է Էքստրադիցիայի մասին եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին՝ քաջ գիտակցելով, որ Սաֆարովն Ադրբեջան ոտք դնելու պահից չէր շարունակելու պատիժը կրել իր երկրում, ինչպես նախատեսված է կոնվենցիայով:

Հունգարիայի քայլի անընդունելության հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց եկեք խոսենք հայկական կողմի թերացումների մասին: Երկու կարծիք լինել չի կարող նաև այն հարցում, որ թերացել են, վրիպել են Հայաստանի ԱԳՆ-ն և անվտանգության ծառայությունները: Արդեն փաստ է, որ այս ամենի մասին գիտեին բոլորը՝ էքստրադիցիայից երկու շաբաթ առաջ: Ե՛վ Հունգարիայի հայկական համայնքն է զգուշացրել, և՛ հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Բայց այս ամենը կարծես մատնվել է անտարբերության: Խնդիրն այն է, որ հակառակը պետք է լիներ՝ մեր պետական գերատեսչությունները պետք է զգուշացնեին համայնքին, ՀԿ-ներին և մեզ՝ բոլորիս: Այսօր մենք առավել ևս համոզվում ենք, որ այն աղմուկը, որ բարձրացել է Հայաստանում, Հունգարիայի ներսում, միջազգային հանրությունում, պետք է լիներ դեպքերից առաջ: Ես ուղղակի կասկած չունեմ, որ այդ պարագայում կկասեցվեր Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան: Ահավասիկ, ցավալին սա է»,-գրել է նա:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---