Հունգարացի դիվանագետն Ադրբեջանի գործողությունները խարդախություն է անվանել

Հունգարացի դիվանագետն Ադրբեջանի գործողությունները խարդախություն է անվանել

PanARMENIAN.Net - Նորվեգիայի հայերը, ովքեր սեպտեմբերի 3-ին հավաքվել են Օսլոյում Հունգարիայի դեսպանատան մոտ, պահանջել են հունգարական կառավարությունից ներողություն խնդրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար: Ներողությունների պահանջով նամակը հանձնվել է Հունագարիայի դեսպան Գեզա Եսենսկուն, ով հավաստիացրել է, որ այն կհանձնի կառավարությանը:

Ինչպես հաղորդում է Նորվեգիայի Հայկական մշակութային ասոցիացիան, դեսպան Եսենսկին ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներից երկու պատվիրակների և նրանց հետ քննարկել ստեղծված իրավիճակը: Դիվանագետն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և հայտարարել, որ հունգարական կառավարությունը հիասթափված է Ադրբեջանի գործողություններից, որոնք նա անվանել է «խարդախություն»:

Գեզա Եսենսկին նաև ցույց է տվել Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի նամակի պատճենը, որում երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովը կշարունակի պատիժ կրել հայրենիք տեղափոխվելուց հետո: Նա նաև հաղորդել է, որ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է հունգարական ԱԳՆ բացատրություններ տալու համար և նրան հանձնվել է բողոքի նոտա` նրա երկրի անազնիվ գործողությունների հետ կապված:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---