Մշակվում է հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթուղթ

Մշակվում է հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթուղթ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:

Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: Համագործակցության հետագա զարգացման համար Հովիկ Աբրահամյանը կարևորեց համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որը կարող է նոր հորիզոններ բացել փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-իրաքյան կապերի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ձևավորել հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ, ինչն իր նպաստը կբերի երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իրաքի նախագահի, խորհրդարանի ղեկավարի ու վարչապետի ողջույնները փոխանցեց Հովիկ Աբրահամյանին: Նրա խոսքով` հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն, և երկկողմ հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ բարեկամությանը: Ըստ փոխվարչապետի` այս այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև, փորձել լրացնել այն բացը, որ եղել է վերջին տարիներին: Ռաուշ Նուր Շաուեյսի խոսքով` փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան բոլոր ոլորնետում: Նա հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հետագա խորացումը: Փոխվարչապետը կարևորելով դիվանագիտական հարաբերությունների հետագա աշխուժացումը տեղեկացրեց, որ նախատեսում են Երևանում բացել Իրաքի դեսպանատուն: Նա ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ ունի իրաքահայ համայնքն իրեց երկրի կյանքի բոլոր բնագավառներում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Ռաուշ Նուր Շաուեյսը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթղթի վրա, որի ստորագրումը, նրա խոսքով, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---