Հայաստանը կասկածում է, որ Հունգարիան հավատացել է Սաֆարովի ձերբակալության մասին Ադրբեջանի երաշխիքներին![]() 5 սեպտեմբերի 2012 - 21:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ելույթ է ունեցել ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստում, որը նվիրված էր Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն: Նալբանդյանի խոսքում, մասնավորապես, նշվում է. «2004թ. Սաֆարովի ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի այդ փորձերի մասին՝ Հայաստանը բոլոր՝ Հանրապետության Նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին, ներառյալ օգոստոսի 22-ին,23-ին, 24-ին Հունգարիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններում, նաև՝ խորհրդարանում: Այդ հավաստիացումները վերահաստատելու համար օգոստոսի 24-ին մեր կողմից գրավոր հարցում է ներկայացվել Հունգարիայի իշխանություններին: Այդ հարցման պատասխանի ուշացման պատճառով, օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում, որոնց ժամանակ կրկին ասվել է, որ նման բան չկա: Հետագա զարգացումները հայտնի են: Հանցագործության առաջին իսկ օրվանից հունգարական իշխանությունները քաջատեղյակ էին, որ Ադրբեջանը փառաբանում է այդ ոճրագործությունը և հերոսացնում կատարողին՝ անգամ այն աստիճան, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար: Բնականաբար այս տարիների ընթացքում Հունգարիայի իշխանությունները տեղի չէին տալիս Ադրբեջանի կեղծ խոստումներին առ այն, որ մարդասպանը կշարունակի սահմանված պատիժը կրել տեղափոխման դեպքում: Ադրբեջանի հետ այս կասկածելի գործարքին գնացած Հունգարիայի կառավարությունը ներկայացնում է ադրբեջանական կողմից ստացված շինծու մի նամակ՝ ձևացնելով, որ հավատացել է Ադրբեջանի կեղծ հավաստիացումներին: Բնական է, որ այսօր հունգարական կառավարությունը չի կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու նման կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ իր դիրքորոշման մեջ և ինչու հանկարծ այդքան դյուրահավատորեն ընդունեցին ադրբեջանական ստերը: Հունգարիայի ներկա կառավարությունը նաև չի կարողանում որևիցե համոզիչ փաստարկ ներկայացնել, թե ինչու է գործել գաղտագողի, ինչը պնդում է Բաքուն: Եվ ինչպես վկայում է սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպումը, եռանախագահող երկրները նույնպես տեղյակ չեն եղել այդ գործարքի մասին: Համանախագահ երկրների դատապարտող հայտարարությունները ևս վկայում են այդ մասին: Հունգարիայի կառավարությունն այս գործարքով մեծ հարված հասցրեց ոչ միայն իր երկրի միջազգային հեղինակությանը, այլ նաև հայ-հունգարական միջպետական հարաբերություններին, ինչը հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների կասեցմանը: Հազարավոր հունգարացիների, կրոնական առաջնորդների, տարբեր հասարակական քաղաքական կառույցների արձագանքները, նամակներն ու հայտարարությունները, բողոքի ակցիաները վկայում են այն մասին, որ Հունգարիայի ժողովուրդը չի կիսում և խստորեն դատապարտում է կառավարության այս անընդունելի քայլը, իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին: Վստահաբար բարեկամության դարավոր ավանդույթներ ունեցող հայ և հունգար ժողովուրդները կկարողանան հաղթահարել Հունգարիայի ներկա կառավարության կողմից պարտադրված այս փորձությունը»: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |