Միլան Ցաբրնոխ. Ալիևի որոշումը արդարադատության ընթացակարգերի վտանգավոր և սխալ կիրառում է

Միլան Ցաբրնոխ. Ալիևի որոշումը արդարադատության ընթացակարգերի վտանգավոր և սխալ կիրառում է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը Ռամիլ Սաֆարովի դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.«Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ- Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների (ԽՀՀ) պատվիրակության ղեկավար, իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում, 2004 թ. դաժանորեն սպանելու համար:

Տարիներ ի վեր, խորհրդարանական երկխոսության միջոցով, իսկ վերջին շրջանում նաև Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Հանձնաժողովի անդամները կրկնապատկել են իրենց ջանքերը` նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը:

Ավելին, օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը, մենք ինտենսիվացրել ենք կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ` հույսով, որ այն կնպաստի տարածաշրջանային լարվածության թուլացմանը, կխրախուսի վերահաշտեցումը և կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կենսունակ լուծում գտնելուն:

Հանձնաժողովն իր հայ և ադրբեջանցի գործընկերներին հստակորեն ներկայացրել է իր մոտեցումները, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, օրենքի գերակայությունը և Եվրոպական արժեքները պետք է կազմեն եվրոպական ինտեգրման ձգտումների անկյունաքարը: Այս համատեքստում, պրն. Ալիևի որոշումը պետք է դիտել իբրև արդարադատության ընթացակարգերի վտանգավոր և սխալ կիրառում:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---