Երևանում տեղի ունեցավ Հակոբ Քոլանյանի, Հենրիկ Կարապետյանի և Սոնա Տալյանի համերգը

Երևանում տեղի ունեցավ Հակոբ Քոլանյանի, Հենրիկ Կարապետյանի և Սոնա Տալյանի համերգը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Անհատ կատարողների օրերին» կայացավ կիթառահար Հակոբ Քոլանյանի (Հունաստան), ջութակահար Հենրիկ Կարապետյանի (ԱՄՆ) և դաշնակահարուհի Սոնա Տալյանի (Գերմանիա) համատեղ համերգը:

Հունաստանում և աշխարհի տարբեր երկրներում հատուկ մրցանակների արժանացած կիթառահար Հակոբ Քոլանյանը ելույթ ունեցավ Մ. Ջուլիանիի, Մ. Թեոդոռակիսի, Ա. Լաուռոյի և հայկական ժողովրդական ստեղծագործություններով:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացան Միչիգանի օպերային թատրոնի նվագախմբի ջութակահար, հրավիրյալ կոնցերտմայստեր Հենրիկ Կարապետյանի կատարումները (Վ.Ա.Մոցարտ, Պ.Հինդեմիթ, Կոմիտաս-Ասլամազյան):

Համերգը եզրափակվեց դաշնակահարուհի Սոնա Տալյանի դաշնամուրային ստեղծագործություններով:

«Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը համերգն ավարտեց շնորհակալական և շնորհավորական խոսքով` կարևորելով Սփյուռքում կայացած և հաջողակ երաժիշտների ելույթների հնարավորությունն ու ճանաչումը Հայաստանում:

Ս.Հարոյանը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից «Իմ Հայաստան» փառատոնի «Անհատ կատարողների օրեր» համերգաշարի շրջանակներում, հավաստագրեր հանձնեց ելույթ ունեցողներին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---