ԴԱՀԿ աշխատակիցները մեկնել են Բրյանսկ![]() 7 սեպտեմբերի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 8-14-ը կմասնակցեն ՌԴ Բրյանսկի մարզում անցկացվող «Հիշատակի հերթափոխ 2012» միջազգային ուսումնագործնական հավաքին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: Սա Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների երկրորդ համատեղ ուսումնագործնական հավաքն է. մեկ տարի առաջ ՌԴ Սմոլենսկի մարզում կազմակերպված ուսումնագործնական հավաքից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել էին մեդալներով և պատվոգրերով: «Հիշատակի հերթափոխ 2012»-ը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը։ Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, սակայն մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։ Պատմական աղբյուրները վկայում են, որ Բրյանսկում մղված ռազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով հայեր: Երկու երկրների դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների որոնողական աշխատանքների նպատակն է գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնել։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանը, ով անհետ կորած էր համարվում 1942 թվականից, թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչները հարազատներին են հանձնել վերահաստատված փաստաթուղթ, որով տեղեկացվում էր զոհվածի շիրիմի գտնվելու վայրի մասին մանրամասներ։ Նշենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արթուր Պարֆենչիկովի միջև որոնողական աշխատանքների անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2011 թվականի մայիսին, վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |