Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամը նամակ է հղել Հունգարիայի հյուպատոսին

Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամը նամակ է հղել Հունգարիայի հյուպատոսին

PanARMENIAN.Net - Oգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլև հայ համայնքներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում և հեռավոր Ավստրալիայում: Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո կոչով դիմել էր աշխարհասփյուռ հայությանը:

Ռամիլ Սաֆարովի՝ Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջև: Սեպտեմբերի 6-ին բողոքի ցույց տեղի ունեցավ Լոս Անջելեսում Ադրբեջանի և Հունգարիայի հյուպատեսությունների առջև, ասցում է սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 31-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խստորեն դատապարտել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Հայ Դատը բողոքի նամակ է ուղարկել նաև Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատանը՝ միաժամանակ կոչ անելով հայությանը, որ նմանապես բողոքագրեր հղի Հունգարիայի դեսպանատանը և կոչ անի Օբամային դատապարտող այս անմարդկային արարքը: Օգոստոսի 31-ին դատապարտող ուղերձով է հանդես եկել նաև Ամերիկայի հայ իրավաբանների միությունը, որը Ադրբեջանի գործողությունները որակել է հակաօրինական:

Սեպտեմբերի 1-ին Սպիտակ տան խոսնակ Թոմմի Վիետորը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ ԱՄՆ նախագահը խորապես անհանգստացած է Հունգարիայից վերադառնալուն պես Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու առթիվ: ԱՄՆ նաև բացատրություն է պահանջում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման կապակցությամբ:

Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Աննա Էշոն, Հովարդ Բերմանը և Ֆրենկ Փալոնեն, ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը նամակ է ուղարկել Լոս Անջելեսում Հունգարիայի Հյուպատոս Լազլո Կալմանին՝ դատապարտելով վերջինիս կառավարության՝ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլառայգոսային, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին:

ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեզը հրապարակել է հայտարարություն՝ մեղադրելով դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատարձակումը և Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշումը՝ ներում շնորհել, աջակցել և փառաբանել հրեշավոր մարդասպանին:

ԱՄՆ զանգվածային լրատվական տարբեր միջոցներով (ABC News, New York Times, Washington post, CNN, News.yahoo.com, blogs.wsj.com) պատրաստվել են նյութեր, որոնք մանրամասն ներկայացնում են 2004թ. Բուդապեշտում տեղի ունեցած հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ռամիլ Սաֆարովի ցմահ ազատազրկումը և օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից նրան Ադրբեջանին հանձնելու ու արդարացվելու փաստը: Բոլոր հոդվածները դատապարտում են այս իրադարձությունը և Ադրբեջանի հակաօրինական գործողությունները:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---