Ռուսական արվեստի թանգարանը կցուցադրի եվրոպական շպալերաներ և հայկական որմնագորգեր

Ռուսական արվեստի թանգարանը կցուցադրի եվրոպական շպալերաներ և  հայկական որմնագորգեր

PanARMENIAN.Net - Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու), «Եվրոպական ժառանգության օրեր» միջազգային միջոցառման շրջանակում,

կազմակերպվել է «Եվրոպական շպալերայից մինչև հայկական որմնագորգ» ցուցահանդեսը, որը ներկայացնում է նկարչուհի Հասմիկ Ղազարյանի շպալերային տեխնիկայով իրականացված, իր իսկ հեղինակային էսքիզներով և ստվարաթղթով կատարված որմնագորգերը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է թանգարանի մամուլի ծառայությունը, այս տարվա խորագրին համապատասխան` ցուցահանդեսը ներկայացնում է նկարչի էսքիզից մինչև վերդյուրա ընկած ուղին, ինչպես և խորհրդանշում շպալերային (պաստառագորգ) գործվածքի տեխնիկայով կատարված ստեղծագործությունների անցած աշխարհագրական ճանապարհը` Բյուզանդիայից մինչև Գերմանիա, Հոլանդիա, Ռուսաստան, և այնտեղից` Հայաստան, որտեղ` ներդաշնակվելով մեր ազգային մշակույթին, որմնագորգը չի հակադրվում գեղարվեստական գործվածքի ավանդական ձևերին, այլ, հակառակը` լրացնում է դրանք կերպարային և պլաստիկական իր հնարավորությունների ու միջոցների հարստությամբ: Գեղարվեստական գործվածքի ասպարեզում աշխատաող հայ նկարիչներն իրենց յուչաքանչյուր աշխատանքով հաստատում են ավանդական շպալերայի ժամանակակից նշանակությունը և նրա նոր` դեկորատիվ տեսակի արդիականությունը` հայկական ավանդական ձևերի հետ մեկտեղ:

Ռուսական արվեստի թանգարանի «Եվրոպական շպալերայից մինչև հայկական որմնագորգ» ցուցահանդեսում ներկայացված են Հասմիկ Ղազարայնի որմնագորգերը Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հավաքածուից, մասնավոր հավաքածուներից և նկարչուհու սեփականությունը հանդիսացող աշխատանքներից:

Ցուցահանդեսը բացվելու է սեպտեմբերի 29-ին և կգործի մինչև հոկտեմբերի 15-ը:

Ռուսական արվեստի թանգարանի մամուլի հաղորդագրության մեջ նաև նշված է, իր բազմաթիվ միջոցառումների և ծրագրերի շարքում, այդ թվում նաև միջազգային, թանագարանը կարևորում է այն միջոցառումները, որոնք ապահովում են հասարակության առավել լայն շրջանակների հաղորդակցումը մշակութային արժեքներին և նպաստում թանգարանի հավաքածուի հանրահռչակմանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---