«168 ժամ». Ճիշտ չի ընկալվի, եթե ԲՀԿ-ն սատարի այն իշխանության թեկնածուին, որն այսօր հետապնդում է իրեն![]() 29 սեպտեմբերի 2012 - 09:43 AMT PanARMENIAN.Net - «168 ժամն» իր այսօրվա խմբագրականում անդրադարձել է իշխանություն -ԲՀԿ հարաբերություններին. «Աժ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» դեմ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությամբ, ըստ էության, սկսվեց ԲՀԿ-ի նկատմամբ իշխանության կողմից ճնշում գործադրելու գործընթացը: Այս պահին դժվար է ասել` ինչ շարունակություն կունենա այն` արդյոք կսահմանափակվի միայն Վ. Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելո՞վ, թե՞, ինչպես գրում է մամուլը, կարող են քրեական գործեր հարուցվել նաև այլ ԲՀԿ-ականների նկատմամբ, մասնավորապես` ԲՀԿ-ական նախկին նախարարների դեմ: Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունն իր այս գործողություններով` արդյոք ճնշումների միջոցով ցանկանում է ԲՀԿ-ից ստանալ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելու հրապարակային խոստո՞ւմ, թե՞ նպաստում է ԲՀԿ-ի ընդդիմադիր կերպարի կերտմանը, որպեսզի նախագահական ընտրություններում վերջինս հանդես գա սեփական թեկնածուով: Առաջին տարբերակը դուրս է առնվազն քաղաքական տրամաբանությունից: Նախ` եթե իշխանությունը ցանկանար ԲՀԿ-ից ՀՀ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելու դիրքորոշում ստանալ, հազիվ թե ընտրեր այս` ճնշումների հրապարակային տարբերակը, քանի որ կստացվի, որ նրան սատարում է մի կուսակցություն, որի առանցքային անդամը (կամ անդամները) մեղադրվում են ծանր հանցագործությունների` հանցավոր ճանապարհով փողերի լվացման, պետական միջոցների յուրացման (եթե ԲՀԿ-ական նախկին նախարարների դեմ գործեր հարուցվեն) մեջ: Բացի այդ, ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը, որ կուսակցությունը կատարվածը համարում է «քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ», կարծես փակում է այդ հնարավորությունը: Մեղմ ասած, ճիշտ չի ընկալվի, եթե ընդամենը մի քանի ամիս հետո ԲՀԿ-ն սատարի այն իշխանության թեկնածուին, որն այսօր հետապնդում է իրականացնում իր դեմ: Այնպես որ, ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Իշխանությունը, բնականաբար, չէր կարող չհաշվարկել, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը մեծ քաղաքական հնչեղություն է ստանալու (դրա նշաններն արդեն իսկ առկա են)` այդ կուսակցությանը դարձնելով քաղհալածյալներ ունեցող ուժ: Առավել ևս, երբ խոսքը ԲՀԿ-ի հիմնական քաղաքական դեմքերից մեկը համարվող Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին է: Եթե իրականում ԲՀԿ-ՀՀԿ հակադրությունն այնքան սրված է, որ իշխանությունը սարսափում է նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությունից, ապա մի՞թե կաներ քայլեր, որոնք ԲՀԿ-ին հասարակության աչքում կարող են դարձնել հալածվող ուժ` դրանից բխող բոլոր քարոզչական հետևանքներով: Այսինքն` ԲՀԿ-ի դեմ այսօր ծավալվող գործողությունները, այլ նպատակ չհետապնդելու դեպքում, ընտրություններից առաջ ուղիղ գծով կարող են հարվածել ոչ այնքան ԲՀԿ-ին, որքան իշխանությանը: Ուրեմն` կամ իշխանությունը մազոխիզմով է տառապում, կամ այս գործընթացի հիմքում դրված է ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժի կերպար կերտելու նպատակը: Ի դեպ, այդ կերպարը բավական յուրահատուկ է ստացվում: Կարելի է պատկերացնել միայն, թե ինչպես է իշխանությունը հետապնդում (ինչպես պնդում է ԲՀԿ-ն) մի ուժի, որի անդամների մի մասը երթևեկում է «Maybach»-ներով ու «Rolls-Royce»-ներով: Թերևս, միայն զրահապատ «Maybach»-nվ կամ «Rolls-Royce»-ով: Իսկ հասարակությանը մնում է միայն զգոն լինել` հետապնդման խելահեղ արագ ընթացքին զոհ չդառնալու ու «ավտովթարի չենթարկվելու» համար»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |