Հայ երիտասարդները Սևանա լճի ափին կկազմեն Հայաստանի և Արցախի քարտեզները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի մոտակայքում գտնվող «Ժայռ» հանգստյան գոտում (Արևիկ երկաթգծային կայարանից 10կմ դեպի Շորժա) տեղի կունենա «Միասնության տոն» զանգվածային միջոցառումը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց «Միասնության տոն» միջոցառման կազմակերպիչ և ֆինանսավորող, «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության հիմնադիր անդամ Ալեքսան Մինասյանը: Նրա խոսքով` «Միասնության տոն» միջոցառումը միասնական գաղափարի շուրջ համախմբելու լավ և անհրաժեշտ առիթ է: »Նախաձեռնության նպատակն է հաղորդել և բարձրացնել Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայ հասարակության միասնականության շունչը, վստահությունը դեպի հայոց պետականության ամուր հիմքերը: Ծրագիրը կնպաստի հայ տեսակի հեղինակության բարձրացմանը ոչ միայն ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում, այլև ամբողջ աշխարհում: Այս միջոցառումը, համախմբելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր սերունդների ներկայացուցիչներին, վստահություն է առաջացնելու դեպի հայոց ազգը»,- նշեց նա:

«Միասնության տոնը» կրում է շարունակական ու ավանդական բնույթ և կազմակերպվում է 2011թ.-ից: Այս տարի տոնին կմասնակցի շուրջ 1200 հոգի, այդ թվում 74 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև մեծ քանակությամբ սիրիահայեր: Դա միջոցառումների շարք է, որը ներառում է իր մեջ 300-500 հոգու մասնակցությամբ «Art-mob» (մշակութային արագ կազմակերպվող միջոցառում) ձևաչափով անցկացվող ակցիա, «ուղիղ եթեր/on-line» հարթակ, համերգ, հարիսայի ճաշկերույթ (ավանդական ազգային միջոցառում) և »աղբահամակարգ» (բնապահպանական երեք տեսակի աղբամաններ):

Միջոցառման առաջին մասում Հայաստանի տարբեր ծայրերից հավաքված երիտասարդները` սպիտակ հագուստներով, Սևանա լճի ափին մոտ գտնվող բլուրի վրա կազմելու են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քարտեզները, այնուհետև Սփյուռքից ժամանած հայ երիտասարդները կազմելու են շրջանակ` ցույց տալով հայկական միասնական ոգին:

Ծրագրի երկրորդ մասը միջոցառման ուղիղ եթերի հեռարձակումն է: ՀՀ օրհներգը հնչելու ժամանակ միջոցառմանն են «ուղիղ եթեր» միանալու տարբեր երկրներում գտնվող հայերը` շուրջ 10 հազար մարդ, հենց իրենց բնակարաններից և միասնական հնչեցնելու են ՀՀ հիմնը:

Ծրագրի երրորդ մասում տեղի է ունենալու համերգ, որի ժամանակ տարբեր անհատներ և խմբեր հանդես են գալու երգով, պարով և ասմունքով:

Ծրագրի չորրորդ մասը իրենից ներկայացնում է ազգային ավանդական ուտեստի ճաշակում:

Ծրագրի հինգերորդ մասը բնապահպանական հիմք ունի: Տեղադրվելու են 3 տեսակի աղբամաններ, որոնք համապատասխանելու են միջազգային չափանիշներին:

Միջոցառման գլխավոր հովանավորն ու կազմակերպիչն է «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպությունը, երիտասարդական, մշակութային և տեղեկատվական գծով կազմակերպիչը` «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---