Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից 3 հոկտեմբերի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա կոռուպցիոն դրսևորումները: «Մեր այսօրվա խորհրդակցության հրատապությունը պայմանավորված է հաշմանդամության ոլորտում տիրող իրավիճակով: ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայությունը բոլոր մարզերում ուսումնասիրություն է իրականացրել, թե ինչպես են այսօր Հայաստանում ստանում հաշմանդամության այս կամ այն աստիճանը: Մենք հանդիպել ենք զարհուրելի դեպքերի և փաստերի»,- ասել է Տիգրան Սարգսյանը: ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը զեկուցել է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ: ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել մեկ ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով: Այս դեպքերում «գործարքն»իրականացվում է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: «Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Ընդ որում, քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է«ապօրինի գումարով» հաշմանդամության ստացման հնարավոր ուղին»,- ասել է Սարգիս Գրիգորյանը: «Հարգելի գործընկերներ, դուք տեսնում եք, որ մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Ընդ որում բազմիցս հայտարարել ենք, որ մեր ուշադրության կենտրոնում առաջին հերթին գտնվում են այն ոլորտները, որտեղ պետությունը ծառայություններ է մատուցում հազարավոր քաղաքացիների: Քաղաքացիները մեր և ձեր մասին պատկերացում են կազմում չինովնիկի հետ տեղերում շփվելով: Այժմ վերահսկողական ծառայությունն ինձ զեկուցում է, որ հաշմանդամության խումբ ստանալու ոլորտում կաշառակերությունը համատարած է: Համակարգում կան բացառություններ, պարկեշտ աշխատողներ, մի քանի մարզերում մենք հանդիպել ենք այդպիսի դեպքերի, բայց դա օրինաչափություն չէ: Տարեկան 65-70 հազար քաղաքացի առնչվում է այս կոռուպցիոն ռիսկերի հետ: Բժշկական հիմնարկին 15000-20000 դրամ են տալիս, որպեսզի տեղեկանք ստանան, հանձնաժողովում ևս նույնքան են վճարում, եթե դա չանեն, ապա մարդու հաշմանդամության խումբը չեն վերանայելու: Այդ 65 հազար մարդը մեր մասին, կոնկրետ ձեր նախարարության մասին ի՞նչ պատկերացում են կազմելու, չե՞ն ասելու, որ բոլորն էլ գիտեն, ուղղակի լռում են: Բոլորդ փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգում, չէ՞ որ կառավարությունն այս խնդիրը դրել է: Դա ինձ ուղղակի զայրացնում է, և սա հանդուժել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ: Ես պահանջում եմ ձեզնից, պարոն նախարար, անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ: Ծառայության ղեկավարը, ով տարիներ շարունակ առնչվում է այս ռիսկերին ու մեկ անգամ չի ահազանգել, անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից: Ազատվեք այդ մարդկանցից, որպեսզի մեզ հավատան: Բազմաթիվ ազնիվ և պարկեշտ մարդիկ կան, ովքեր ցանկանում են աշխատել: Հենց այսօր ես Ձեզնից կադրային փոփոխություններ եմ սպասում»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ծանոթանալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության նյութերին և բոլոր այն կետերում, որտեղ կան կաշառակերության դեպքեր, իրականացնել կադրային փոփոխություններ: Արտեմ Ասատրյանն ի գիտություն է ընդունել վարչապետի հանձնարարականը և նշել, որ բացահայտված դեպքերի առնչությամբ կիրականացվի ծառայողական քննություն, իսկ նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերվում է իր պաշտոնից ազատվելուn, ապա Միշա Վանյանը հայտարարել է, որ աշխատում է այս ոլորտում արդեն 10 տարի և հիմա կարող է տեղը զիջել երիտասարդ կադրերին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր |