Արզումանյան 4 շենքի դիմաց անհասկանալի շինարարություն է ընթանում, ահազանգում են բնակիչները

Արզումանյան 4 շենքի դիմաց անհասկանալի շինարարություն է ընթանում, ահազանգում են բնակիչները

PanARMENIAN.Net - Ահազանգ է ստացվել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից` իրենց շենքի դիմացի կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչներն արգելել են շարունակել շինարարական աշխատանքները, որից հետո նոր միայն իրենց են ներկայացվել փաստաթղթեր, որոնց համաձայն կառուցվելու է երկհարկանի առևտրի սրահ, չնայած մինչ այդ խոսվում էր խաղահրապարակի կառուցման մասին: Նրանք բաց նամակ են գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հարցին լուծում տալու նպատակով: Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ Արզումանյան 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր:

Տարիներ շարունակ շենքը համարվել է վթարային, սակայն 4-րդ կարգից, առանց որևէ համապատասխան ամրեցման աշխատանքներ իրականացնելու վերադասակարգավորվել է 3-ի: Շինհրապարակում չկա փակցված նախագիծ, իսկ մեր հարցերին շինարարություն կատարողները չեն պատասխանում: Փաստորեն տեղի է ունենում ինքնակամ ապօրինի շինարարություն: Ոչ մի բնակիչ նման կառույցի վերաբերյալ տեղեկացված չի եղել և համաձայնություն չի տվել և չի էլ տա:

Առավել ևս, բազմաթիվ անգամ ահազանգվել է սանէպիդկայան` շենքի տակ առնետների առկայության վերաբերյալ:

Վերոհիշյալ շինարարության պատճառով, առնետները ակտիվացել են և ներխուժում են բնակարաններ` օգտվելով շենքի տարիներ շարունակ ամրեցման կարիք ունեցող հիմքից:

Ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվությանազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ. 1.Կա՞ արդյոք ճարտարապետահատակագծային առաջադրանք, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն և շինարարության թույլտվություն տվյալ շինարարության համար: Եթե այո, խնդրում ենք տրամադրել այդ հաստատված եզրակացություններն ու թույլտվությունները:

2. Երբ՞ և ինչպե՞ս են տեղեկացվել շրջակա շենքերի բնակիչները այդ շինարարության մասին:

Մինչ այդ խնդրում ենք միջամտել և կասեցնել ապօրինի շինարարությունը, որպեսզի բնակիչները, բնականաբար, ստիպված չլինեն այլ միջոցների դիմելու»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---