Գագիկ Ծառուկյան. Իրավաբանները հաստատել են Օսկանյանի դեմ ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը

Գագիկ Ծառուկյան. Իրավաբանները հաստատել են Օսկանյանի դեմ ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ, PanARMENIAN.Net ին հայտնում են Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակից:

Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին` Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով և ամենայն ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին: Դեսպանի խոսքով` սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները և կապահովեն օրենքի գերակայությունը այս հարցի լուծման գործում:

«Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ և սկզբունքային հայտարարություններով և ելույթներով», - նշել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա և կայացվի օբյեկտիվ որոշում: Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանի հրավերով դեսպանը շրջայց է կատարել նաև Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում, հիացական գնահատականներ տվել հոգևոր այս կառույցի ճարտարապետության վերաբերյալ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---