Էրեբունի-Երևան. Հեղինակ-կատարողներն այս տարի դուրս մնացին քաղաքապետարանի ցուցակից![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար 26 հարթակ է նախատեսված: Կազմակերպիչները նշել էին, որ հարթակները տրամադրվելու են դասական, փոփ, ռոք, ազգային և այլ երաժշտության կատարողների համար: Բայց միջոցառումների ծրագիրն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ այդ հարթակներից և ոչ մեկը չի տրամադրվել հեղինակային երգի կատարողներին: Ինչպես ինձ ասաց Վախթանգ Հարությունյանը, նախորդ տարիներին քաղաքապետարանն առանձին հարթակ էր տրամադրում հեղինակային երգի կատարողներին: «Կազմակերպիչներն ինձ տեղեկացնում էին, որ Էրեբունի-Երևանի միջոցառումների շրջանակում հարթակ են առանձնացրել իմ և գործընկերներիս համար, և մենք սիրով համաձայնում էինք մասնակցել` երևանցիների հետ կիսելով այդ տոնը: Ես իսկապես վրդովված եմ, որ 26 բեմերից և ոչ մեկը բարդերի ելույթների համար չի առանձնացվել: Հեղինակ-կատարողներն այն մարդիկ են, ովքեր այս քաղաքի համար շատ ավելի կարևոր են, քան օտարերկրյա «աստղերը», մարդիկ, ովքեր այն քչերից են, որ իսկապես մտահոգված են քաղաքի ներկայով և ապագայով: Ինձ համար դա զարմանալի և զայրացնող է»: Փորձեցի պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետի մշակույթի հարցերով խորհրդական Արամ Սուքիասյանից: Վերջինս նշեց, որ բարդերին այս տարի իսկապես առանձին հարթակ չի տրամադրվել, և դրանում ոչ մի արտառոց բան չկա: «Մոսկովյան պուրակում ժամը 14:30-ից 18:00-ն պոեզիայի ժամ է լինելու, և այդտեղ կարող են ելույթ ունենալ բոլոր ստեղծագործ մարդիկ: Այսինքն, «Պոեզիայի ժամ» չի նշանակում, որ 3,5 ժամ միայն պոեզիա է հնչելու: Ցանկացած հեղինակներ կարող են ներկայացնել իրենց ստեղծագործությունները, և հեղինակային երգերի կատարողները բացառություն չեն: Մենք ոչ մեկին հատուկ չենք հրավիրել, հրավիրված են բոլորը: Ով ուզում է` կարող է ելույթ ունենալ այդ հարթակում»,- ասաց նա` մի բան էլ վրդովվելով, թե ինչու եմ պնդում բարդերի համար առանձին հարթակ տրամադրելու հարցում (երևի չէր պատկերացնում, թե քանի-քանի մարդկանց ցանկությունն է դա): Պատասխանելով այն հարցիս` արդյոք ընդհանրապես ոչ մի հեղինակ-կատարող հատուկ չի հրավիրվել այդ բեմում ելույթ ունենալու համար, Սուքիասյանը նշեց, որ հրավիրվել են, բայց ոչ բոլորը. «Հրավիրել ենք մի քանի հոգու, բայց եթե հետաքրքրված եք նրանց անուններով, դիմեք «Պոեզիայի ժամ» բեմով զբաղվող կազմակերպչին»,- եզրափակեց նա: Երկար դեգերումներից հետո վերջապես գտա նրան, ով «չցրեց» և սիրով համաձայնեց պատասխանել հարցերիս: «Պոեզիայի ժամ» բեմի կազմակերպչական հարցերով զբաղվող «Ժպիտ» ակումբի տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշեց, որ բեմն ի սկզբանե նախատեսված էր միայն պոեզիայի համար: «Նկատի ունենալով, որ այս տարի տոնվում է Սայաթ-Նովայի 300-ամյակը և Եղիշե Չարենցի 115-ամյակը, առաջարկեցի այդ բեմը տրամադրել ասմունքողներին, և քաղաքապետարանը տվեց իր համաձայնությունը: Ասեմ, որ այդ բեմում ելույթ կունենան ինչպես ասմունքողներ, այնպես էլ երաժիշտներ, քանի որ 3,5 ժամ պոեզիան կարող է հոգնեցնել: Ժամանակի կեսը կտրամադրվի երաժիշտներին, որոնց թվում հրավիրել եմ Արմեն Դարբինյանին, որը կերգի 70-ականների երևանյան երգեր, Ազատ Աբրահամյանը, Արմոն, Հայաստանի մասին կերգեն «Բումբումիկ» մանկական ծրագրի մասնակիցները»,- ասաց նա` հավելելով, որ ինքը սիրով համաձայնել է կազմակերպել այդ բեմը և երևանցիների հետ կիսել մեծ տոնը: Փաստորեն, պրպտանքներիս արդյունքում եկա այն եզրակացությանը, որ հեղինակ-կատարողներն այն արվեստագետները չեն, ում մասնակցությունը մայրաքաղաքի տոնակատարություններին քննարկման առարկա անգամ չպետք է դառնա: «Մենք ոչ մեկին հատուկ չենք հրավիրել, ով ուզում է` կարող է ելույթ ունենալ» նախադասությունն արդեն ամեն ինչ ասաց. կարծես քաղաքապետարանը համոզված է, որ «սերեբրոների» ու «վիագրաների» մասնակցությունը շատ ավելի կուրախացնի երևանցիներին, քան բարդերի հեղինակային երգերի կատարումները, որոնք երկար տարիներ հայ ժողովրդի համար հոգևոր սնունդ են ծառայել, նրա կողքին եղել ու նրա ձայնը լսելի դարձրել երաժշտության միջոցով: Իսկ այն, որ հրավիրված «մի քանի հոգին» էստրադային կատարողներ էին, բոլորովին զարմանալի չէ` հաշվի առնելով, որ «Պոեզիայի ժամ» բեմի կազմակերպիչն իր առջև խնդիր չէր դրել կազմակերպել հեղինակային երգերի կատարումների հարթակ և պարտավոր էլ չէր: Չէ՞ որ հարթակների ժանրային բաշխմամբ նա չէր, որ պետք է զբաղվեր, իսկ ով պետք է զբաղվեր, այս տարի որոշել է բավարարել օտարամոլների նախապատվությունները և ոչ թե` ճշմարիտ երևանցիների: Անի Պապոյան / PanARMENIAN News Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |