Պարոն քաղաքապետ, Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել, թե ուր են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները

Պարոն քաղաքապետ, Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել, թե ուր են հաշմանդամություն ունեցող քաղաքացիները

PanARMENIAN.Net - «Երևանը նաև մե՛ր քաղաքն է» նախաձեռնության անդամները նամակ են ուղղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Այս տարի մայրաքաղաք Երևանը տոնում է իր հիմնադրման 2794-ամյակը: Մենք հպարտ ենք մեր քաղաքի պատմությամբ և մեծ ուրախությամբ ենք նշում նրա յուրաքանչյուր ձեռքբերումը: Մենք բարձր ենք գնահատում Երևանի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերը, սակայն ցավով պետք է նշենք, որ մենք մեզ օտար ենք զգում մեր քաղաքում, Երևանը մերը չէ: Պարոն քաղաքապետ, Ձեզ երբևէ չի՞ հետաքրքրել, թե ուր են մեր քաղաքի հաշմանդամություն ունեցող բնակիչները, ինչո՞ւ նրանց չեք հանդիպում այն վայրերում, ուր մյուսներին կարելի է տեսնել...

Անգնահատելի է ձեր նախաձեռնությունը Երևանում մանկական խաղահրապարակներ կառուցելու գործում, բայց երբևէ մտածե՞լ եք` ո՞ւր են հաշմանդամություն ունեցող երեխաները, թե նրանք խաղալ չեն ուզում… Այսօր հաշմանդամություն ունեցող մարդիկ շարունակում են մեկուսացած ապրել մեր քաղաքում, երբ մայրաքաղաքի բարեկարգման ու զարգացման բազմաթիվ նախագծեր և ծրագրեր են մշակվում և իրականացվում:

Մենք զրկված ենք ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական և այլ վայրեր այցելելու, տրանսպորտային միջոցներից օգտվելու և հասարակական կյանքին մասնակցելու տարրական հնարավորությունից:

Մենք հոգնել ենք սին խոստումներից և առիթից առիթ մեզ հիշելու սովորույթից: Մեր ամեն մի օրն անցնում է մեկուսացած կամ ձեր կողմից ստեղծված տրանսպորտային միջոցների և շենք-շինությունների արգելքները հաղթահարելով:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռքնարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար անխոչընդոտ միջավայր ստեղծելու ուղղությամբ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:

Մենք կարող ենք լիարժեք մասնակցություն ունենալ մեր քաղաքի զարգացմանը, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ և հավասար հնարավորություններ:

Երևանը նաև մե՛ր քաղաքն է»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---